Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Սիրիայի անկարգությունները հրահրում են ոչ այնքան իշխանությունները, որքան զինված խմբավորումները: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ Մոսկվայում այսօր` նոյեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նա նշել է, որ խաղաղ բնակիչների հետ դաժանաբար են վարվում ոչ այնքան իշխանությունները, որքան զինված խմբավորումները, որոնք անկարգություններ են հրահրում:

Սերգեյ Լավրովը նաեւ ընդգծել է, որ Սիրիայի այս կամ այն կողմի վրա ազդեցություն ունեցող բոլոր պետությունները պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի նրանց ստիպեն դադարեցնել բռնությունները:

Նա նաեւ քննադատել է Սիրիային վերջնագրեր ներկայացնելու պրակտիկան` հիշեցնելով, որ Եմենի պարագայում բոլոր այդ երկրները այլ կերպ վարվեցին, եւ այնտեղ հնարավոր եղավ իրավիճակը կարգավորել:

Այս համատեքստում նա նաեւ դեմ է արտահայտվել Սիրիա զենք մատակարարելու արգելքի կիրառմանը:

Լավրովն իր տեսակետը հիմնավորել է նրանով, որ Լիբիայում նման արգելք կիրառվում էր երկակի ստանդարտներով: Այն կիրառվում էր միայն լիբիական բանակի նկատմամբ, իսկ ընդդիմությունը շարունակում էր զենք ստանալ, ընդ որում` Ֆրանսիայի եւ Քաթարի նման երկրները հրապարակավ  հայտարարեցին, որ իրենք զենք են մատակարարել, ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքերը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Լավրովը հայտարարել է, որ Սիրիային զինամթերք մատակարարելն արգելելու առաջարկները բավական անազնիվ են, քանի որ «խմբավորումները, որոնք ձեւավորվում են նաեւ այլ երկրներից Սիրիա եկած քաղաքացիներից, ակտիվորեն զենք են ստանում»: