«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրինագծի քննարկումն Ազգային ժողովում տեղի կունենա դեկտեմբերի 2-ին: Այս մասին այսօր` նոյեմբերի 29-ին, հայտնել է ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին մի խումբ ակտիվիստներ, այդ թվում Թռչկանի ջրվեժի պաշտպանները, երկժամյա պիկետ են կազմակերպել Բաղրամյան փողոցում, խորհրդարանի շենքի գլխավոր դարպասների մոտ:
Նույն օրը, ԱԺ-ում օրինագծի քննարկման ժամանակ, «Ժառանգության» պատգամավորները հայտարարել են, որ խորհրդարանական մեծամասնությունը պետք է ականջալուր լինի հասարակության ձայնին եւ հասարակական արձագանք ստացած օրինագծերը չպետք է սահմանափակվեն միայն խորհրդարանի դահլիճում քննարկումներով:
Հիշեցնենք, որ այս օրինագիծը ենթադրում է շրջակա միջավայրի վրա պոտենցիալ ազդեցության եռաստիճան դասակարգում: Առաջին եւ երկրորդ աստիճանին դասվող օբյեկտների փորաձքննության ժամկետը չպետք է գերազանցի 60 եւ 40 օրը` համապատասխանաբար: Առաջին աստիճանի դեպքում փորձաքննության ժամկետը կարող է երկարացվել 15 օրով:
Առաջին աստիճանին դասվող օբյեկտների շարքում են ատոմային եւ ջերմային էլեկտրակայանները, միջուկային վառելիքի հարստացման կայաններն են, մետաղական հանածոների հանքավայրերը, պոչամբարները, մի շարք քիմիական ձեռնարկություններ եւ այլն:



























