ԱՄՆ-ն դատապարտում է ադրբեջանցի հրատարակիչ եւ լրագրող Ռաֆիգ Թաղիի սպանությունը եւ կոչ է անում մանրամասն հետաքննել նրա սպանությունը: Այս մասին ասված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: ԱՄՆ-ն նաեւ ցավակցել է նրա ընտանիքին, ընկերներին, գործընկերներին եւ ընթերցողներին:

«Հավանական է, որ պարոն Թաղին հարձակման է ենթարկվել լրագրողական գործունեության համար... Տպագրության եւ խոսքի ազատության ապահովման նպատակով, ներառյալ բոլոր թեմաները, այդ թվում` կրոնական եւ  քաղաքական, կարեւոր է շուտափույթ բացահայտել սպանությունը», -ասված է հաղորդագրության մեջ, որը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք, որ Ռաֆիգ Թաղին մահացել է նոյեմբերի 23-ին հիվանդանոցում, որտեղ տեղափոխվել է հարձակման ենթարկվելուց հետո:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անհայտ անձինք նոյեմբերի 19-ի երեկոյան հարձակվել են Ռաֆիգ Թաղիի վրա եւ դանակի մի քանի հարված հասցրել նրա թիկունքի ու վզի շրջանում: Տուժողը ինքնուրույն հասել էր տուն եւ շտապ օգնություն կանչել:

Նրա մոտ հայտնաբերվել էր մեջքի, կողոսկրի կոտրվածք, ներքին օրգանների վնասվածք: 

Նշենք, որ Թաղին հայտնի է մի շարք հոդվածներով, որոնցում քննադատվում են արմատական իսլամը, Շարիաթի օրենքները: Ի դեպ, իրանական մոլլաները Շարիաթի օրենքներով նրան մահապատժի են դատապարտել:

Փորձագետները ենթադրում են, որ Թաղիի վրա հարձակումը կարող էր կազմակերպված լինել ադրբեջանական մի շարք շահագրգիռ ուժերի կողմից`տարբեր կրոնական տարրերի միջեւ թշնամություն սերմանելու նպատակով: