Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` նոյեմբերի 29-ին, ընդունել է ՌԴ տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինին, ով Երեւանում է` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների շինարարական գործունեության բնագավառում համագործակցության միջկառավարական խորհրդի 32-րդ նիստին:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկել են ՀՀ տարածքային կառավարման եւ ՌԴ տարածքային զարգացման նախարարությունների միջեւ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Կարեւորվել է երկու երկրների միջեւ ապակենտրոնացված մակարդակով գործակցության խորացումը, այդ ուղղությամբ կատարված քայլերը եւ առաջիկա անելիքները:
Նրանց փոխանցմամբ` միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ստեղծվել է հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության հարցերով աշխատանքային խումբ, որը հայկական կողմից ղեկավարում է Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ռուսական կողմից` Տարածքային զարգացման նախարարի տեղակալ Մաքսիմ Տրավնիկովը: Արդեն հաստատվել են աշխատանքային խմբի երկու կողմերի կազմերը, եւ զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում համանախագահների հանդիպում կազմակերպելու վերաբերյալ, որի ընթացքում կորոշվի նաեւ խմբի օրակարգային հարցերի շրջանակը: Անդրադարձել են նաեւ հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ համաժողովի անցկացման հարցերին:


























