Հունաստանին ֆինանսական օգնության հերթական մասնաբաժինը կտրամադրվի` 8 միլիոն եվրոյի չափով: Այսպիսի որոշում են կայացրել եվրագոտու ֆինանսների նախարարները: Աթենքը կարող է փողը ստանալ դեկտեմբերի կեսերին, տեղեկացնում է Reuters-ը:
Հոկտեմբերի կեսերին Եվրախումբը արդեն հավանության էր արժանացրել Հունաստանին տրանշ տրամադրելու որոշումը, սակայն այդ երկրի կառավարական ճգնաժամի պատճառով օգնության հատկացումը հետաձգվել էր: Հունաստանի կառավարության նոր ղեկավար Լուկաս Պապադիմոսը խոստացել է կատարել եվրագոտու եւ ԱՄՀ-ի պետական ծախսերի կրճատման բոլոր պայմանները, եւ այժմ երկրին մնում է միայն ստանալ Արժույթի միջազգային հիմնադրամի հավանությունը:
Հունաստանին վեցերորդ տրանշի տրամադրումը բազմիցս հետաձգվել է եւ ուշացել այնքան ժամանակ, մինչեւ հունական կողմը գրավոր հաստատել է ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի կողմից ներկայացրած կառուցվածքային բարեփոխումների ծրագիրն իրագործելու պարտականություններ ստանձնելը: Հունաստանին տրամադրվելիք օգնության ընդհանուր ծավալը կկազմի 110 միլիարդ եվրո:



























