«Յունիբանկը» գործարկել է մինչեւ 1 մլն դրամ գումարով U-Student+ սպառողական նոր վարկ, որը նախատեսված է բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձը վճարելու համար: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից: Վարկի համար կարող են դիմել ուսանողները կամ նրանց ընտանիքների անդամները, որոնք չունեն  բացասական վարկային պատմություն: U-Student+  վարկը ձեւակերպելու համար անհրաժեշտ է  ներկայացնել անձնագիր, սոցիալական քարտ, տեղեկանք աշխատավայրից եւ ԲՈՒՀ-ից: Վարկի ժամկետը կազմում է 12 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 20%: Վարկային պայմանագիրը ստորագրելուց հետո գումարը փոխանցվում է ուսումնական հաստատության հաշվին: Վարկի մարումն իրականացվում է ամենամսյա հավասար վճարումներով: Վարկային հայտի հաստատումը չի գերազանցում 3 աշխատանքային օրը` հաճախորդի կողմից  անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից հետո: 

«Վարկը տրամադրվում է մեկ ուսումնական սեմեստրի վճարի չափով, բայց այն մարելուց հետո հաճախորդը կարող է դիմել նոր վարկ ստանալու համար:  Հաշվի առնելով այն փաստը, որ վարկը տրամադրվում է ուսման համար, բանկը չի պահանջում կանխավճար եւ գրավ: Ֆիզիկական անձանց երաշխավորությունը բավարար է»,- ասում է «Յունիբանկի» սպառողական եւ քարտային վարկավորման տնօրեն Ծովինար Վարդանյանը: