Շատ քիչ բան է ավելի բնորոշ հայերին, քան սեփական բիզնես սկսելը։ Անկախ նրանից, թե որ կայսրությունում էին մեզ հալածում, մենք, որպես համայնք, միշտ կարող էինք մեր ուղին անցնել՝ միաձուլվելով այդ երկրների տնտեսություններին, «Ասպարեզ»-ի «Մետաքսի ճանապարհից դեպի Սիլիկոնային հովիտ. հայկական բիզնես» հոդվածում գրում է ամերիկահայ քաղաքագետ, ՄԱԿ-ին առընթեր IMUNA կազմակերպության տնօրեն, Էմորի համալսարանի ուսանող Արմեն Բաղդասարյանը։

«Պարսկականից մինչև թուրքական և ռուսական տիրապետություն, մենք պատմականորեն գերիշխել ենք բոլոր շուկաներում՝ լինի դա լավագույն գորգերի և գործվածքների արտադրություն, թե երկրի քաղաքացիների համար շենքերի և բնակարանների կառուցում: Ցեղասպանությունից հետո հազարավոր հայեր, որոնք ստիպված էին թողնել իրենց ընտանեկան ձեռնարկությունները, հասան Միացյալ Նահանգներ և հետևեցին ամերիկյան երազանքին։

19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբին շատ հայեր հաստատվեցին խոշոր քաղաքներում, մասնավորապես՝ Նյու Յորքում, Բոստոնում և Լոս Անջելեսում, ինչպես նաև Ֆրեզնոյի և Վուսթերի նման փոքր քաղաքներում, որտեղ աշխատանքի տեղավորվելու համար անգլերենի իմացությունը պարտադիր չէր: Այս քաղաքային կենտրոնները հազարավոր հայերի համար դարձան նոր աջախներ, և ժամանելուն պես շատ հայ ներգաղթյալները բախվեցին լուրջ մարտահրավերների, դրանց թվում՝ լեզվական խոչընդոտների, խտրականության և տնտեսական դժվարությունների», - նշում է Բաղդասարյանը:

Ըստ հոդվածի հեղինակի՝ հայ-ամերիկյան ձեռնարկությունները առաջին ալիքը հիմնականում բաղկացած էր փոքր, ընտանեկան հաստատություններից, որոնք հիմնականում սպասարկում էին հայրենակից ներգաղթյալներին:

«Մթերային խանութները հայ գաղթականների հիմնած առաջին ձեռնարկություններն էին, և այդ խանութները ոչ միայն ապրուստ էին ապահովում իրենց տերերին, այլև հայ համայնքի կենսական կարևոր կենտրոններ դարձան: Նրանք առաջարկում էին ծանոթ ուտեստներ և ապրանքներ իրենց հայրենիքից, ինչը օգնեց նոր ներգաղթյալներին պահպանել իրենց մշակութային ինքնությունը և խոհարարական ավանդույթները: Բացի դրանից, այդ խանութները հաճախ ծառայել են որպես ոչ պաշտոնական համայնքային կենտրոններ, որտեղ հայերը կարող էին հավաքվել, նորություններ փոխանակել և աջակցել միմյանց:

Դերձակների կարի արհեստանոցները հայ գաղթականների հիմնած ևս մեկ տարածված բիզնեսի տեսակ էր, և քանի որ շատ հայեր ունեին տեքստիլի և կարուձևի փորձ, նրանց հմտությունները հեշտությամբ տեղափոխվում էին իրենց նոր բնակավայր: Այս կարի արհեստանոցները խիստ անհրաժեշտ ծառայություններ էին մատուցում ինչպես հայ համայնքին, այնպես էլ ամբողջ բնակչությանը: Ժամանակի ընթացքում հայ դերձակներից ոմանք իրենց բացառիկ վարպետության շնորհիվ մեծ համբավ ձեռք բերեցին ՝ գրավելով տարբեր հաճախորդներ և հասնելով զգալի հաջողությունների»,- գրում է Բաղդասարյանը։

Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ հայ-ամերիկյան վաղ հարաբերությունների գործարար միջավայրի կարևոր մասն են եղել նաև հացի փռերը։

«Հայ հացթուխներն իրենց նոր հարևաններին ներկայացրեցին ավանդական հացն ու խմորեղենը, մասնավորապես՝ լավաշն ու փախլավան: Այս փռերը շատ արագ ժողովրդականություն ձեռք բերեցին ոչ միայն հայերի, այլև ավելի լայն հանրության շրջանում՝ նպաստելով ամերիկյան քաղաքների մշակութային զարգացմանը։ Այս փռերի հաջողությունը ցույց տվեց հայկական ձեռնարկությունների ներուժը՝ ավելի լայն շուկա հասնելու առումով՝ պահպանելով և առաջ մղելով իրենց մշակութային ժառանգությունը: Ժամանակակից դարաշրջանում հայ-ամերիկյան բիզնեսը զգալիորեն աճել է իր համեստ սկզբնաղբյուրից՝ դառնալով ազդեցիկ տարբեր ոլորտներում Միացյալ Նահանգների ամբողջ տարածքում»,- պատմում է նա:

Այսօրվա ամերիկահայ ձեռներեցները, հիմնվելով իրենց ներգաղթյալ նախնիների դրած հիմքի վրա, օգտագործում են կրթությունը, տեխնոլոգիական առաջընթացը և գլոբալացված տնտեսությունը՝ ստեղծելու համար հաջող ձեռնարկությունները, որոնք խթանում են տնտեսական աճը, ներդնում են իրենց լուման հայ համայնքի զարգացմանը և պահպանում են իրենց մշակութային ժառանգությունը, գրում է Բաղդասարյանը։

Հոդվածում միաժաանակ հիշատակվում է տեխնոլոգիական հատվածի մասին, որը վերջին տարիներին եղել է ամերիկահայ բիզնեսի հաջողության ամենաուշագրավ ոլորտներից մեկը։

«Սիլիկոնյան հովիտը, տեխնոլոգիական նորարարությունների էպիկենտրոնը, կարող է պարծենալ ամերիկահայ ձեռներեցների և մասնագետների զգալի ներկայությամբ: ServiceTitan-ի նման ընկերությունները, որի համահիմնադիրներ են Արա Մահտեսյանն ու Վահե Կուզոյանը, դաշտային ծառայությունների կառավարման ոլորտում հեղափոխություն են արել՝ միլիոնավոր հաճախորդներին ծրագրային լուծումներ տրամադրելով:

Նույնն է նաև ծագումով հայ Ալեքսիս Օհանյանի դեպքում, որը ե Reddit սոցիալական խոշոր մեդիա հարթակի համահիմնադիրն է։ Այս տեխնոլոգիական ընկերությունները ցույց են տալիս թվային դարաշրջանում ամերիկահայերի նորարարական ոգին և ձեռնարկատիրական ճարպկությունը: Տեխնոլոգիաներին զուգընթաց, ամերիկահայերը զգալի հաջողությունների են հասել զվարճանքի ոլորտում»,- գրում է քաղաքագետը։

Նա ընդգծում է, որ հայկական ծագում ունեցող կինոգործիչները, դերասաններն ու երաժիշտները զգալի ներդրում ունեն Հոլիվուդում և դրանից դուրս՝ համաշխարհային լսարանին ներկայացնելով հայկական պատմություններն ու տաղանդը։ Օրինակ, ռեժիսոր և սցենարիստ Ատոմ Էգոյանը լայն ճանաչում է ձեռք բերել իր կինոաշխատանքի շնորհիվ, իսկ երգիչ, երգերի հեղինակ System of a Down խմբի առաջատար վոկալիստ Սերժ Թանկյանը միջազգային համբավ է ձեռք բերել իր երաժշտական ​​ավանդի և եռանդուն գործունեության շնորհիվ:

«ԱՄՆ անշարժ գույքի ոլորտում ամերիկահայ ձեռներեցների զգալի ներկայություն նույնպես կա։ Հայաշատ քաղաքներում ամերիկահայ կառուցապատողները և անշարժ գույքի գործակալները կարևոր դեր են խաղում քաղաքաշինության և համայնքի ստեղծման գործում: Այս պրոֆեսիոնալները նպաստել են բնակելի և առևտրային անշարժ գույքի աճին և մեծ դեր են խաղացել հայկական աշխույժ թաղամասերի ստեղծման գործում, որոնք պահպանում են մշակութային ավանդույթները և խթանում համայնքին պատկանելության զգացումը: Օրինակ, այնպիսի կառուցապատողներ, ինչպիսին Hovnanian Enterprises-ի գործադիր տնօրեն Արա Հովնանյանն է, զգալի ներդրում ունեն»,- գրում է Բաղդասարյանը:

Առողջապահությունը ևս մեկ ոլորտ է, որտեղ ամերիկահայ բժիշկները, հետազոտողները և բուժծառայություններ մատուցողները հայտնի են իրենց փորձով և սեփական գործին նվիրվածությամբ, ընդգծում է հոդվածագիրը։