Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, նոյեմբերի 29-ին, Բուենոս Այրեսի հայկական Սիրանուշ սրահում հանդիպում է ունեցել արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է ԼՂՀ ներքին կյանքին, արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ արգենտինահայ համայնքն ակտիվ մասնակցություն է ունենում Արցախի շենացման եւ մեր հանրապետությունը Արգենտինայում ու Լատինական Ամերիկայում ճանաչելի դարձնելու գործում: Երկրի ղեկավարը նաեւ երախտագիտություն է հայտնել Արգենտինայի Հանրապետությանը հայ ժողովրդի ու մեր հայրենակիցների հանդեպ ունեցած բարեկամական վերաբերմունքի համար:

Բակո Սահակյանը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը համարել է ղարաբաղյան անկախ պետականության հիմքերից մեկը` հավելելով, որ Արցախի պաշտպանությունը հանդիսանում է նաեւ Սփյուռքի պաշտպանություն:

Հանդիպմանը մասնակցել են Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արգենտինայում, Ուրուգվայում եւ Չիլիում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: