Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված տավուշցի զինծառայող Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը, որ օրեր առաջ են լույս աշխարհ եկել, ծնողների կյանքը նորից ջերմությամբ են լցրել ու ապրելու ուժ տվել։ Վարուժանի մայրը՝ Անահիտ Մեջլումյանը, NEWS.am–ի հետ զրույցում պատմում է՝ կրկին երեխա ունենալու որոշումը դժվար են կայացրել։

«Մի քիչ դժվար որոշեցինք, դրա համար այդքան երկար ձգձգվեց, արդեն 4-րդ տարին է՝ Վարուժանս չկա։ Հոգեբանորեն դժվար էր այդ որոշմանը գալը, բայց հասկացանք, որ ուզում ենք էլի բալիկ ունենալ։ Մեզ համար էական չէր՝  տղա կունենանք, թե աղջիկ, ուղղակի ուզում էինք երեխա ունենալ, որպեսզի տունը նորից ջերմությամբ լցվի»։

Անահիտը պատմում է՝ դուստրերից մեկը Վարուժանին շատ նման է։

«Նորից ջերմությամբ ենք լցվել, չենք ուզում աչքներս կտրել նրանցից, որ ոչ մի վայրկյան բաց չթողնենք։ Առավոտից երեկո կողքները նստում, նայում ենք»,–պատմում է նա։

Երկվորյակ դուստրերի անունները պատահական չեն ընտրել, պատմում  է՝ միշտ երազել են աղջիկ ունենալ ու Մարիամ դնել անունը։ Հղիության ընթացքում էլ Սուրբ Աննա եկեղեցում հանդիպել են Բագրատ Սրբազանին ու օրհնություն ստացել, որոշել են մյուս դստեր անունն էլ Աննա դնել։

Անահիտը որդու կորստի ցավը մեղմել չի էլ փորձում, ասում է՝ ինչ էլ անի, այդ ցավը երբեք չի անցնի։

«Սրտիս մի անկյունում միշտ այդ ցավը կա, պարզապետ երեխաները նոր ուժ են տալիս ապրելու ու առաջ շարժվելու։ Ցավում եմ նաև, որ աղջիկներս ծնվեցին ու չճանաչեցին իրենց եղբորը, բայց մենք կպատմենք, իրենք կիմանան, թե ինչ եղբայր են ունեցել»,–ասում է նա։

Պտղաբերության կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Դիանա Մարտիրոսյանը պատմում է՝ 42-ամյա Անահիտը «ապրելու հույս էր փնտրում» ու դիմել էր իրենց կենտրոն՝ արտամարմնային բեղմնավորման համար։

«Անահիտի արգանդափողերը հեռացված էին, բնական ճանապարհով հղիությունը բացառված էր։ Դուստրերին լույս աշխարհ բերեց ինքնուրույն ծննդաբերությամբ։ Ամենահետաքրքիրն այն է, որ Անահիտը զոհված զինծառայողների այն հազվադեպ ծնողներից է, որ չէր պնդում՝ հենց տղա երեխա է ուզում ունենալ։ Երբ դիմեց մեր կենտրոն, ասում էր, որ ուղղակի ուզում է բալիկ ունենալ, որ իրենց տան մթնոլորտը մի փոքր փոխվի, կրկին ջերմանա։ Անահիտն այն ծնողներից է, որոնք չեն արտասվում, թեև աչքերը միշտ թախծոտ են, միշտ փորձում է ժպտալ»։

Գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգը պատմում է՝ Անահիտն ու երեխաներն արդեն տանն են, սակայն գրեթե ամեն օր Անահիտը զանգում է ու շնորհակալություն հայտնում թե՛ կենտրոնի բժիշկներին, թե Հանրապետական հիվանդանոցի բժիշկներին՝ «իրենց տունը կրկին մանկան ջերմությամբ լցնելու համար»։