Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, նոյեմբերի 29-ին, Բուենոս Այրեսում այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար եւ բակում ծաղկեպսակներ է դրել Մեծ եղեռնի զոհերի եւ Արցախյան ազատամարտում զոհվածների հուշարձաններին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այնուհետեւ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի եւ թեմական խորհրդի անդամների հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի եւ Սփյուռքի միջեւ համագործակցության հարցերին:
Նախագահ Սահակյանը Հայ առաքելական եկեղեցին համարել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամենակարեւոր օղակներից մեկը, որը մեծապես նպաստում է ներհայկական կապերի շարունակական ամրապնդմանը:
Միջոցառումներին մասնակցել են Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արգենտինայում, Ուրուգվայում եւ Չիլիում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:




























