Հարավային Օսիայի նախագահի ընտրություններում ընդդիմության հաղթած թեկնածու Ալլա Ջիոեւայի կողմնակիցները ներխուժել են ԿԸՀ-ի շենք, դեպքի վայրից հաղորդում է Gazeta.ru-ի թղթակիցը:
Դրանից առաջ ԿԸՀ շենք էր մտել Ալլա Ջիոեւան` ՆԳ նախարարի հետ բանակցություններ վարելու նպատակով:
Ի պատասխան, պահպանության խումբն ու ՕՄՕՆ-ի աշխատակիցները օդ են կրակում:Ցխինվալի կենտրոնական հրապարակում շուրջ 3 հազար մարդ է հավաքվել: Նրանք վանկարկում են «Ալլա»:
Քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ ընդդիմությանը հաջողվել է ստանալ ԿԸՀ-ի ամփոփիչ արձանագրությունը, որտեղ ասվում է, որ թեկնածու Ալլա Ջիոեւան ընտրվել է հանրապետության նախագահ:
Կառավարության շենքի մոտ հավաքված Ջիոեւայի կողմնակիցների առջեւ է դուրս եկել թեկնածուի ներկայացուցիչ, գեներալ Անատոլի Բարանկեւիչը: Նա ընթերցել է ԿԸՀ արձանագրությունը, որտեղ ասվում է, որ Ջիեւեւան նախագահ է ընտրվել:
Հարավային Օսիայի ԱԳ փոխնախարար Ալան Պլիեւը Gazeta.ru-ին հայտնել է, որ ընտրությունները չեղյալ համարելու մասին դատարանի վճիռը կարող է փոխվել: Հիմա Ջիոեւայի կողմնակիցները ուղղվել են դեպի հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտիի նստավայր` նրա հետ հանդիպման:
Այսօր առավոտյան, Ջիոեւան կրկին հայտարարել է, որ ինքն ու իր կողմնակիցները չեն պատրաստվում բռնի գործողությունների դիմել իշխանությունը վերցնելու համար:
Հաղորդվում է, որ ցուցարարները զինված են, բայց մտադիր են դիմադրություն ցույց տալ միայն այն դեպքում, եթե հանրապետություն մտցվեն ռուսական ուժեր կամ գործի դրվի երկրի նախագահի անվտանգության ծառայությունը:
Հիշեցնենք, որ ըստ Հարահային Օսիայի ԿԸՀ-ի տվյալների, ընդդիմության առաջնորդ Ալլա Ջիոեւան հաղթել է հանրապետության նախագահի ընտրություններում, հավաքելով ավելի քան 56 տոկոս ձայն: Սակայն Հարավային Օսիայի գերագույն դատարանը չեղյալ է համարել ընտրությունների արդյունքները: Կրեմլի թեկնածու Անատոլի Բիբիլովին հաղթած ընդդիմադիր թեկնածուն իր կողմնակիցներին անհնազադության դիմելու կոչ է արել:




























