Այսօր` նոյեմբերի 30-ին խորհրդարանում հերթական տհաճ միջադեպն է արձանագրվել:
Ազգային Ժողովը քննարկում էր վարկային փոխառության մասին համաձայնագիր, ըստ որի Հայաստանը 18 միլիոն դոլար վարկ է ստանալու, որն օգտագործվելու է խորհրդատվությունների համար:
ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը նիստերի դահլիճ է հրավիրել ԱԺ շենքում գտնվող բոլոր հանրապետական պատգամավորներին` քվեարկությունները կազմակերպելու համար, սակայն փոքր-ինչ ուշացրել է քվեարկություն կազմակերպելը, ինչի պատճառով ԱԺ դահլիճում իսկական ժխոր է առաջացել, հանրապետականները բացարձակապես չեն ենթարկվել Նիկոյանին, ով հուսահատ ջանքեր էր գործադրում իր կուսակիցներին կարգի հրավիրելու համար:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանի ելույթի պահին կրքերը հասել էին գագաթնակետին, եւ «Ժառանգության» պատգամավորը ստիպված էր մի պահ ընդհատել ելույթը: Դա զայրացրել է «Շմայս» մականունով հայտնի Առաքել Մովսիսյանին, ով տեղից բղավել է. «Ես չեմ էկել ստեղ, որ քո նման հայվանին լսեմ»: Արմեն Մարտիրոսյանը հակադարձել է հանրապետական պատգամավորին. «Հայվանն ինքդ ես, հանգիստ խոսիր: Այդ ի՞նչ ձեւ ես խոսում» արտահայտությամբ: Մովսիսյանին կարգի է հրավիրել նաեւ Ստեփան Սաֆարյանը: Հանրապետական պատգամավորը դրանից հետո լքել է նիստերի դահլիճը:




























