Հայաստանի տնտեսության իրական հատվածում 2011թ.  9 ամսում օտարերկրյա ներդրումների կազմել են 586.7  մլն. դոլար, որը 2010թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 24.2%-ով: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից: Ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 462.5 մլն. դոլար եւ աճել` 32.6%-ով:  

Օտարերկրյա ներդրումների ամենամեծ մասը` մոտ 27 տոկոսը, ուղղվել է հիմնային մետաղների արտադրություն: Երկրորդ տեղում հեռահաղորդակցության ոլորտն է` 17.4 տոկոս, երրորդ տեղում` էներգետիկան`12 տոկոս:

Հայաստանում խոշորագույն օտարերկրյա ներդրողը շարունակում է մնալ Ռուսաստանը, որին բաժին է ընկնում Հայաստանում կատարված ներդրումների մոտ կեսը` 284 մլն դոլար: Ընդ որում` ռուսական ներդրումները նախորդ տարվա համեմատ աճել են 48 տոկոսով, շնորհիվ` հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների:

Ֆրանսիան երկրորդ խոշոր օտարերկրյա ներդրողն է`77 մլն դոլար, սակայն ֆրանսիական ներդրումները նախորդ տարվա համեմատ նվազել են մոտ 35 տոկոսով: Ֆրանսիան հիմնականում ներդրումներ է կատարում հեռահաղորդակցության ոլորտում:

Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ երրորդ խոշոր օտարերկրյա ներդրողի դիրքը նվաճել է ԱՄՆ-ը` շրջանցելով ավանդաբար բարձր դիրքեր ունեցող Գերմանիային եւ Արգենտինային: Ընդ որում ամերիկյան ներդրումներն աճում են բարձր տեմպով: Այսպես` 2011 թ. 9 ամսում ամերիկյան ընկերությունները կատարել են 40 մլն դոլարի ներդրում, իսկ աճը նախորդ տարվա համեմատ 2.2 անգամ է: Սակայն ամերիկյան ներդրումների մեջ ուղղակի ներդրումների մասնաբաժինը բավական ցածր է:

9.9 անգամ աճել են Մեծ Բրիտանիայից կատարվող ներդրումները` կազմելով 33.6 մլն դոլար: Սակայն աճի տեմպով առաջատարները Շվեյցարիան ու Կանադան են` համապատասխանաբար 270 անգամ եւ 192 անգամ:

Հայաստանի նկատմամբ այս տարի առաջին անգամ ներդրումային հետաքրքրություն են դրսեւորել նաեւ Սիրիան, Դանիան, Ղազախստանը: Ներդրումային հոսքեր կան նաեւ օֆշորային Վիրջինյան կղզիներից ու Լիխտենշտեյնից: