ԱՄՆ-ն խոշոր ավանդ է ներդրել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության եւ բանակցությունների հարցում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը` ելույթ ունենալով Վաշինգտոնում կայացած «Հարավային Կովկասը անկախության ձեռքբերումից 20 տարի անց» կոնֆերանսում:
Պատասխանելով Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին հարցին` Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշեց. «Մենք կարծում ենք, որ դա պատմական իրադարձություն դարձավ: Մենք կարծում ենք, որ արձանագրությունների մասին համաձայնագիրը պատմական իրադարձություն էր: Մենք համարում ենք, որ դա ցույց է տալիս` ի'նչ է հնարավոր: Եվ ոգեւորում է այն, որ երկու կառավարություններն էլ համաձայն են դրան: Դա ասում եմ ոչ միայն նրա համար, որ նրանք պայմանավորվել են արձանագրությունների վերաբերյալ, այլեւ այն բանի, որ առ այսօր երկու կողմերի ներկայացուցիչները ենթադրություններ են անում հարաբերությունների կարգավորման հնարավորության մասին, հայտարարում են այն մասին, որ ներկայիս իրադրությունը նորմալ չէ, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն եւ որ երկու կողմերն էլ կշահեն դրանից»:
Ըստ նրա` իրավիճակն այլ էր մի քանի տարի առաջ: «Այնպես որ, տվյալ ձեռքբերումը միանգամայն իրական է, միանգամայն նշանակալի, եւ մենք կարծում ենք, որ այն հաստատուն կլինի», - նշել է Ռուբինը: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նաեւ կարծիք է հայտնել, որ գործնականում խնդիրը թուրքական խորհրդարանում արձանագրությունների վավերացման գործընթացի առաջխաղացման ուղիների բացակայությունն է. «Մենք պարբերաբար բախվում ենք երկու կողմերի հռետորական պոռթկումներին, որոնք, Պետդեպարտամենտի դասական լեզվով արտահայտած, անօգուտ են: Եւ մեր ջանքերը հետեւողականորեն ուղղված են այդ գործընթացի առաջխաղացմանը»:
Միեւնույն ժամանակ, Էրիկ Ռուբինը ոգեւորող է անվանել այն, ինչ ասում են Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունների ներկայացուցիչները հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին: «Սակայն, հաշվի առնելով, որ Թուրքիայում ընտրություններն ավարտվել են, իսկ Հայաստանում սպասվում են, ինչպես նաեւ կողմերի հանրային կարծիքը, ղարաբաղյան հակամարտությունը, որը քննարկվող թեմայի պաշտոնական մաս չէ, այնուամենայնիվ` առկա է, դա բարդ է: Ամենը, ինչ կարող եմ ասել, այն է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է հարցի առաջխաղացմանը սատարելուն: Երկու կառավարություններն էլ գիտեն դա: Եւ ես հավատում եմ` առանց ժամկետների հստակեցման, քանի որ ես չգիտեմ` երբ կտեսնենք առաջին դրական արդյունքները: Ես կարծում եմ, որ դա կլինի շուտով, եւ կարծում եմ, որ կիսաբաց դուռը կսկսի բացվել շատ ավելի արագ: Համենայն դեպս, ես հուսով եմ», - նշել է Էրիկ Ռուբինը:




























