Կահիրեի Թահրիր հրապարակում առեւտրականների եւ ցուցարարների միջեւ ծագած ծեծկռտուքի ընթացքում 108 մարդ է տուժել, 33 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից 10-ը ծանր վիճակում են: Այսպիսի ճշտված տվյալներ է հաղորդում Եգիպտոսի առողջապահության նախարարությունը:

Տուժածների մեծամասնությանը դանակի վնասվածք, ապակու կտրվածք եւ այրվածքներ են ստացել: Մի քանի մարդ վիրավորվել է հրացանի փամփուշտներից:

Կռիվներն սկսել են հենց այն պահին, երբ երկրում ավարտին է մոտեցել խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը:

Նոյեմբերի 29-ի երեկոյան բողոքի ակցիայի մասնակիցները, ովքեր շարունակում էին Ռազմական խորհրդից պահանջել իշխանության փոխանցումը քաղաքացիական անձանց,  փորձել են քշել բացօթյա առեւտրականներին: Ցուցարարները նրանց մեղադրել են թմրանյութերի վաճառքի մեջ, եւ լեզվակռիվները վերաճել են իսկական ծեծկռտուքի:

Առեւտրականները հեռացել են եւ վերադարձել զինված. հեղափոխականների վրա քարեր են շպրտվել: Ավելի ուշ կիրառվել են դյուրավառ նյութեր պարունակող շշերն ու պոմպային հրացանները:

Բախումները շարունակվել են մոտ չորս ժամ: Իրավապահները տեղի ունեցածին չեն միջամտել: Ներկա պահին հրապարակի տարածքում, որը դեռ երեկ շուկա էր հիշեցնում, գրեթե ոչ մի առեւտրական չի մնացել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: