Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը ցանկանում է ազատվել Բաքվի քաղաքապետ Հաջիբալա Աբութալիբովից` Բաքուն ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցնելու համար: Այդ մասին գրում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը` նշելով, որ ստեղծված իրադրությունն, իրոք, կարող է լուրջ հետեւանքներ ունենալ Բաքվի քաղաքապետի համար: Թերթը նշում է, որ մի քանի տարի առաջ, երբ Մեհթիեւը փորձեց ասպարեզից հեռացնել Աբութալիբովին, չկարողացավ, քանի որ հայտնվեցին քաղաքապետին պաշտպանող ազդեցիկ դեմքեր: Այժմ իրադրությունը փոխվել է. տեղական կառավարման մարմինների շատ ղեկավարներ «աչք են դրել» քաղաքապետի պաշտոնի համար, ուստի Մեհթիեւի կամպանիան մեծաթիվ համախոհներ ունի եւ կարող է անհաջող ավարտ ունենալ Աբութալիբովի համար, եզրափակում է «Ազադլըգ»ը:
Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Բախտիար Հաջիեւն օրերս «Շարգ» թերթում քննադատական հոդվածով էր հանդես եկել` Բաքվին մեղադրելով անկարարողության մեջ: «Յենի Ազերբայջան» կուսակցության պատգամավորը, ով նաեւ «Ազերբայջան» թերթի գլխավոր խմբագիրն է, մասնավորապես, իր քննադատության «թիրախ» էր ընտրել մի շարք պաշտոնյաների եւ օլիգարխների: Նրա մեղադրանքները հասցեագրված են եղել Բաքվի քաղաքապետ Հաջիբալա Աբութալիբովին, Տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովին, «Ազերյոլսերվիս» ընկերության տնօրեն Ջավիդ Ղուրբանովին, Պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւին եւ «Ազերէներջի» ընկերության նախագահ Էթիբար Փիրվերդիեւին: Ադրբեջանական լրավամիջոցները գրել էին, որ այն բոլոր մարդիկ, ովքեր արժանացել են պատգամավորի քննադատությանը, իրականում ընդգրկվել են Ռամիզ Մեհթիեւի «սեւ ցուցակում»:




























