Ռուսաստանի օդատիեզերական պաշտպանության (ՕՏՊ) ուժերի հրամանատարական կետի առաջին հերթափոխը դեկտեմբերի 1-ին անցել է մարտական հերթապահության: Այս մասին լրագրողներին հայտնել է ՕՏՊ գնդապետ Ալեքսեյ Զոլոտուխինը:
Զորքի նոր տեսակը ձեւավորվել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրահանգով: Խոսքը կառավարման միասնական համակարգի մասին է, որը թույլ կտա կատարել բոլոր առաջադրանքները, որոնք ՕՏՊ-ին տրվելու են հեռանկարում: Դրանց թվում են օբյեկտների կանխարգելումը, հայտնաբերումը, ոչնչացումը, կործանումը եւ պաշտպանությունը:
Հանդիսավոր արարողությունը կայացել է մերձմոսկովյան Զարյա գյուղում տեղակայված հրամանատարական կետի տարածքում: Զորքի նոր տեսակի առաջին հերթափոխին ողջունել է ՕՏՊ գեներալ-լեյտենանտ Օլեգ Օստապենկոն եւ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը:
ՕՏՊ-ի կազմում ընդգրկվել են տիեզերական հրամանատրությունը, հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության հրամանատարությունը եւ «Պլեսեցկ» տիեզերակայանը:
Օդատիեզերական պաշտպանությունն ստեղծվել է տիեզերական ուժերի, ինչպես նաեւ օդատիեզերական պաշտպանության ուժերի օպերատիվ ռազմավարական հրամանատարության հիման վրա, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Հիշեցնենք, Ռուսաստանի Դաշնության նախագահ, գերագույն հրամանատար Դմիտրի Մեդվեդեւը երեքշաբթի օրը` նոյեմբերի 29-ին, հրահանգ է տվել Կալինինգրադի շրջանում գտնվող նոր տեղորոշիչ կայանի մարտական կազմում հրթիռային հարձակման կանխարգելման համակարգ ներդնելու վերաբերյալ, որը եւս ՕՏՊ կազմում է:




























