Ադրբեջանի խորհրդարանում պատրաստվում են անցում կատարել միակուսակցական համակարգի: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը` նշելով, որ Միլլի Մեջլիսում նախապատրաստում են «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքում հետադիմական փոփոխություններ կատարել:
«Օրենքում կատարվելիք փոփոխություններից մեկը կապված է կուսակցությունների ֆինանսավորման հետ: Օրենքով պետբյուջեից հատկացված միջոցների 90 տոկոսը տրվում է խորհրդարանում ներկայացված կուսակցություններին, 10 տոկոսն էլ` խորհրդարանից դուրս մնացած քաղաքական ուժերին: Սակայն նոր նախագծով նախատեսվում է գումար հատկացնել վերջին քվերակության ժամանակ նվազագույնը ձայների 3 տոկոսը ստացած կուսակցություններին: Դա նշանակում է, որ հատկացված ամբողջ գումարը տրվելու է իշխող Յենի Ազերբայջան կուսակցությանը, քանի որ ընտրությունները «հեռատեսորեն» կեղծելու պայմաններում ընդդիմադիր եւ ոչ մի քաղաքական ուժ չի հաղթահարի 3 տոկոսանոց շեմը»,-գրում է թերթը:
Աղբյուրը հայտնում է, որ օրենքում նախատեսվող երկրորդ փոփոխությամբ պահանջվում է, որ նոր կուսակցության ստեղծման համար անհրաժեշտ է անդամագրել ոչ թե նախկինի նման հազար, այլ 5 հազար մարդ: Փորձագետների համոզմամբ, այդ փոփոխությունից հետո, առկա քաղաքական ուժերին կպահանջեն կրկին գրացում անցնել, եւ այդ ձեւով «անցանկալի» քաղաքական ուժերը դուրս կմղվեն ասպարեզից:
Երրորդ փոփոխությամբ, գրանցում չունեցող կուսակցություններին արգելվում է ցանկացած ձեւաչափով գործունեություն ծավալել, օրինակ` ելույթ ունենալ հասարակության առջեւ: Խախտողները կենթարկվեն քրեական պատասխանատվության: Փորձագետները գտնում են, որ դա սահմանափակում է մտքի եւ խոսքի ազատությունն ու ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը:
Ակնհայտ է, որ «փոփոխությունների» անվան տակ «վերեւները» ցանկանում են Ադրբեջանում միակուսակցական համակարգ ստեղծել: Բնական է, որ մի շարք «գրպանային ընդդիամդիրներ» կշարունակեն իրենց գործունեությունը, սակայն ռեալ ընդդիմությունը կչեզոքացվի, եզրափակում է «Ազադլըգ»-ը:




























