Սինգապուրում, այսօր՝ նոյեմբերի 11-ին, կայացել է Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության 21-րդ խորհրդակցությունը՝ նախարարների մակարդակով: Օրակարգի հիմնական հարցերը, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, եղել են համաշխարհային ֆինանսական ճգնաժամին դիմագրավելը, տնտեսական զարգացման ու միջազգային առեւտրի համակարգի նոր մոդելի մշակումը:

Ինչպես նշվել է, գլոբալ տնտեսական ճգնաժամը չի ավարտվել, եւ համաշխարհային տնտեսության որոշ ակտիվացումը անդորրի փուլի, այլ ոչ կարգավորման արդյունք է:

Նախարարները նշել են համաշխարհային տնտեսության ներկա վիճակը՝ որպես ծայրահեղ, մատնանշելով ճգնաժամի պատճառները գտնելու անհրաժեշտությունը:

Այս շաբաթավերջին, նոյեմբերի 14-15-ին, այստեղ կայանալու է ԱԽՏՀ անդամ-պետությունների առաջնորդների գագաթնաժողովը՝ ամերիկացի, ռուս եւ չին առաջնորդների մասնակցությամբ:

Սպասվում է, որ համաժողովին կմասնակցեն մոտ 10 հազար հոգի՝ չհաշված մամուլի բազմաթիվ ներկայացուցիչները: Համաժողովի մասնակիցների անվտանգությունն ապահովելու են 8000 ոստիկան եւ հատուկ ծառայության աշխատակից: