Հայաստանի ներքաղաքական դաշտում որեւէ նոր միտում չկա: Այդ մասին դեկտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը` գնահատելով Հայաստանի ներքաղաքական վիճակը:

Վերջինիս կարծիքով, Հայաստանում էլ, ինչպես Ռուսաստանում, քաղաքական ուժերը թարմ գաղափարներով չեն փայլում: «Որեւէ նոր միտում չեմ տեսնում: Տեսնում եմ այն, ինչ տեսնում էի 95-ից»,- նշել է Աբրահամյանը` հավելելով, որ ընդդիմությունը մի քանի տարի շարունակ նույնն է ասում, իշխանությունը` նույնը:

«Ժամանակ» օրաթերթի եւ 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի խոսքով, Հայաստանի ներքաղաքական կյանքի գլխավոր ինտրիգը Դուբայում հանգստացող Գագիկ Ծառուկյանն է, ով վերադառնալուց հետո պետք է ընտրի թե ում է միանում` ՀՀԿ-ի՞ն, թե՞ ընդդիմությանը: «Ինտրիգը սրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով արագացրեց պրոցեսը»,- նկատեց նա:

«Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը հակադրվեց այդ կարծիքին. «Կմիանա, չի միանա, երկրորդական է: Ինձ ավելի հետաքրքրում է, թե ոլորտներում ինչ բարեփոխումներ կլինեն: Մեր լրատվական դաշտը զբաղվում է ինտրիգներով, բայց դա չէ քաղաքականությունը»,- նշեց նա` հավելելով, որ լրատվամիջոցներում «քաղաքական ճգնաժամ է»: «Քաղաքական մտքի ճգնաժամ»,- հավելեց Արամ Աբրահամյանը: