Մոսկովյան «Ռոլան» կինոթատրոնում, նոյեմբերի 29-ին, կայացել է «Անսահման ժառանգություն» փաստագրական ֆիլմի առաջին ցուցադրությունը` Արցախյան պատերազմի հերոս, պահեստային մայոր, «Մարտական Խաչ» շքանշանի ասպետ Պավլիկ Ապարանցի Մանուկյանի մասնակցությամբ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայից, ֆիլմը շատ մեծ տպավորություն է թողել: Հանդիսատեսների մեծամասնությունը կինոդահլիճից դուրս է եկել արցունքն աչքերին, ինչ-որ մեկն էլ խոսքեր չի գտել իր զգացումներն արտահայտելու համար: Ֆիլմի ցուցադրությանը ներկա Պավլիկ Ապարանցի Մանուկյանին լեփ-լեցուն դահլիճը երեք անգամ հոտնկայս ողջունել է:

Ֆիլմը հայրենիքի նկատմամբ անսահման սիրո մասին է, հայրենի հողին նվիրվածության մասին, մեծ զոհաբերության մասին, որը կատարում է գլխավոր հերոսը եւ պատրաստ է ոչ մեկ անգամ կրկնել դա` հանուն Արցախի պահպանման:

«Անսահման ժառանգությունն» այն է, որ մեզ թողնում է մեր հայրերի սերունդը. թողնում է հույսով, որ մենք կպահպանենք այն եւ նույնքան խնամքով, սիրով, անձնվիրաբար  կվերաբերվենք դրան, ինչպես իրենք:  Արցախը  ինչ-որ հողակտոր չէ, այն մի վայր է, որտեղ հայկական  ոգին է ապրում, իսկ նրա ընդերքում հայկական արյուն է հոսում:

Սա շատ սրտաճմլիկ ֆիլմ է: Այն մխրճվում է հոգու խորքը, որտեղ այնպիսի վերքեր կան, որոնք մեր` հայերիս մեջ, արդեն գենետիկական մակարդակով փոխանցվում է սերնդեսերունդ. մեկը ծնվել է պատմական հայրենիքի սահմաններից դուրս, մեկը երբեք չի եղել Ղարաբաղում, բայց, չնայած դրան, ֆիլմը մեզ բոլորիս հիշեցրեց այն խոր ցավի մասին, որն զգացել են մեր ծնողները, մեր պապերը եւ որը փոխանցվել է մեզ», - նշված է կազմակերպության հաղորդագրությունում: