Բելառուսական հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը Բելառուսի նախագահի որդի Վիկտոր Լուկաշենկոյին  մեղադրել է Մինսկի մետրոյի ահաբեկչությանը մասնակցելու մեջ: Երկիրը լքած պաշտոնաթող գնդապետ Վլադիմիր Բորոդաչը հավաստիացնում է, որ պայթյունի հետեւում կանգնած են բելառուսական հատուկ ծառայությունները, մասնավորապես` հատուկ խմբավորումը, որը ենթարկվում է Անվտանգության խորհրդի ղեկավար Վիկտոր Լուկաշենկոյին` նախագահի որդուն:  Իր կարծիքը Բորոդաչն արտահայտել է «Բելսատ» արբանյակային հեռուստաալիքին տված հարցազրույցում: 

Նրա խոսքով` 2008թ. Մինսկում Անկախության օրվա տոնակատարությունների ընթացքում տեղի ունեցած պայթյունը հնարավորություն ընձեռեց պաշտոնից ազատել Անվտանգության խորհրդի քարտուղար Վիկտոր Շեյմանին, որն այդ ժամանակ կարող էր իրական մրցակից լինել Լուկաշենկոյի համար եւ իշխանական հեղաշրջում իրագործել: Պայթյունից մեկ օր առաջ Վ. Շեյմանին հանձնարարվել էր ուղեկցել բարձրաստիճան հյուրի, իսկ պայթյունից հետո քարտուղարին մեղադրել էին տեղում չլինելու համար, գրում է РБК-ն:

Վ. Բորոդաչը զուգահեռներ է անցկացրել 2008թ. պայթյունի եւ 2011թ. մետրոպոլիտենի ահաբեկչության միջեւ` շատ նմանություններ գտնելով: Հայտնի է, որ մետրոյի պայթյունը Բելառուսի ուժային կառույցներում  զանգվածային պաշտոնանկությունների առիթ դարձավ: Բացի այդ, ինչպես նշում են բելառուսցի բլոգերները, պայթյունը տեղի ունեցավ հենց այն ժամանակ, երբ երկիրը գլորվում էր ֆինանսական ճգնաժամի անդունդը եւ հասարակության մեջ բողոք էր հասունանում:

Հիշեցնենք, որ Բելառուսի Գերագույն դատարանը նոյեմբերի 30-ին Մինսկի մետրոյի ահաբեկչության կազմակերպման մեջ մեղավոր ճանաչված Դմիտրի Կոնովալովին եւ Վլադիսլավ Կովալեւին դատապարտել է մահապատժի: Սակայն նրանց մեղավոր լինելուն շատերն են կասկածում, այդ թվում` փորձագետները: