Հունաստանը նախատեսում է զբոսաշրջության կտրուկ աճը կանխելու նպատակով 20 եվրոյի չափով հարկ սահմանել զբոսաշրջային նավերի այցելուների համար, որոնք ամառային պիկ սեզոնի ընթացքում այցելում են Սանտորինի և Միկոնոս կղզիներ, կիրակի օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։
Հունաստանը մեծապես կախված է զբոսաշրջությունից՝ երկրի տնտեսության հիմնական շարժիչ ուժից, որը դեռ վերականգնվում է երկրի արտադրության մեկ քառորդը ոչնչացրած տասնամյա ճգնաժամից հետո, հաղորդում է Reuters-ը:
Սակայն զբոսաշրջության ամենահայտնի ուղղություններից մի քանիսը, այդ թվում՝ Սանտորինին, հովվերգական կղզին՝ իր զարմանահրաշ գյուղերով ու կուսական լողափերով, որտեղ մշտապես 20․000 մարդ է բնակվում, բախվել է զանգվածային զբոսաշրջությունից ավերվելու սպառնալիքին։
Միցոտակիսը բացատրել է, որ գերզբոսաշրջությունը վերաբերում է միայն մի քանի ուղղությունների։
Զբոսաշրջությունից Հունաստանի եկամուտը 2023 թվականին կազմել է մոտ 20 միլիարդ եվրո՝ գրեթե 31 միլիոն զբոսաշրջիկների ժամանման շնորհիվ։
Սանտորինիում ցուցարարները կոչ են արել սահմանափակել զբոսաշրջությունը, ինչպես եվրոպական այլ հայտնի հանգստավայրերում, այդ թվում՝ Վենետիկում և Բարսելոնայում:
Ըստ Միցոտակիսի, զբոսաշրջային նավերի հարկից ստացված հասույթի մի մասը կվերադարձվի տեղական համայնքներին՝ ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելու համար: Կառավարությունը նաև նախատեսում է կարգավորել զբոսաշրջային նավերի քանակը, որոնք միաժամանակ ժամանում են որոշակի ուղղություններ, բացի այդ կղզիները պետք է նաև կանոններ մտցնեն շրջակա միջավայրը պաշտպանելու և ջրի պակասի դեմ պայքարելու համար, ասել է նա:





























