Ավստրիական «Շտուրմ» ակումբի երկրպագուները հարձակման են ենթարկվել Եվրոպայի լիգայի շրջանակներում երեկոյան կայացած «Լոկոմոտիվի» հետ խաղից հետո:

Ինչպես տեղեկացնում են Մոսկվայի իրավապահ մարմինները, տեղի եւ ավստրիական երկրպագուների միջեւ կռիվը սկսվել է մոսկովյսն ժամանակով 01:00-ին, «Բորոդինո» հյուրանոցի մոտ, այնուհետեւ այն շարունակվել է հյուրանոցի ճեմասրահում: Կռվի մասնակիցների թիվը եւ պատճառները չեն հաղորդվում, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ «Ինտերֆաքս»-ի` գրեթե հիսուն ռուս երկրպագուներ հարձակվել են մոտ տասը մարդուց բաղկացած ավստրիացիների խմբի վրա եւ սկսել են ծեծել:

«Շտուրմ»-ի երեք երկրպագուներ վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, մնացածները թաքնվել են հյուրանոցի սրահում: Ագրեսիվ տրամադրված ռուսները փորձել են կռիվը շարունակել հյուրանոցի ներսում, սակայն նրանց կանգնեցրել են հաստատության թիկնազորը եւ ոստիկանությունը:

Եվրոպայի լիգայի հինգերորդ տուրի խմբային փուլի պայքարում «Լոկոմոտիվ»-ը հաղթել է ավստրիական  «Շտուրմ»-ին 3:1 հաշվով: