Աղմկահարույց WikiLeaks կայքը մեկամսյա լռությունից հետո հայտարարել է նոր նախագծի թողարկման մասին, այն է` բացահայտվում է պետությունների հատուկ ծառայություններին քաղաքացիներին վերահսկելու տեխնոլոգիաներ վաճառող ընկերությունների մասին տեղեկատվությունը:
AFP-ն գրում է, որ կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հաղորդել է, որ ցանցում տեղադրվում են 287-ից ավելի փաստաթղթեր, որոնցում բացահայտվում է միջազգային վերահսկողական արդյունաբերության իրական մասշտաբը, որը վերահսկող տեխնոլոգիաներ է վաճառում ոչ միայն ժողովրդավարական երկրներին, այլեւ` բռնապետական: Այդ տեխնոլոգիաները, ըստ Ասանժի, թույլ են տալիս հետեւել ամբողջ երկրի բնակչությանը:
Կայքում տեղեկատվություն է տեղադրված 25 պետությունների ավելի քան 160 ընկերությունների մասին, որոնք զբաղվում են բջջային հեռախոսների, էլեկտրոնային հասցեների եւ ինտերնետում կատարած որոնումների պատմության միջոցով մարդկանց հետեւելու տեխնոլոգիաների արտադրությամբ:
ՌԻԱ Նովոստին գրում է, որ WikiLeaks կայքի գործընկեր Owni.fr կայքը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ ֆրանսիական Amesys ընկերությունը Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի վարչակազմին ընդդիմության մի շարք առաջնորդներին հետեւելու ծառայություններ է մատուցել:
Այս զանգվածային հրապարակումը WikiLeaks կայքում 2011թ. հոկտեմբերի 24-ից ի վեր առաջինն է: Այն ժամանակ միջազգային մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին, որ կայքը ֆինանսական խնդիրների պատճառով կդադարեցնի տվյալների տեղադրումը:
Հիշեցնենք, որ այս պահին Ասանժը, որը Ավստրալիայի քաղաքացի է, սպասում է իր բողոքարկման վերաբերյալ լոնդոնյան Գերագույն դատարանի վճռին, որն ուղղված է նրան Շվեդիային հանձնելու որոշման դեմ, որտեղ Ասանժին մեղադրում են մի շարք սեռական բնույթի հանցագործությունների մեջ:




























