Ռուսաստանի Սվերդլովի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Միշարինը Եկատերինբուրգ-Սերով մայրուղու 206-րդ կիլոմետրին վթարի է ենթարկվել:
Վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին, ժամը 21:00-ի սահմաններում, բախվել են երեք ավտոմեքենաներ` «Վոլգա Սայբեր», «Շկոդա-Օկտավիվա» եւ «Մերսեդես»-ը, որում գտնվել է նահանգապետն իր վարորդի հետ: «Վոլգա»-ի վարորդը տեղում մահացել է, «Մերսեդես»-ի վարորդը եւ Միշարինը տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել: Այդ թվում, կոտրվել է Միշարինի ոտքը, եւ նրանք երկուսն էլ տեղափոխվել են մոտակա հիվանդանոց, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Նախնական վարկածով` վթարը տեղի է ունեցել եղանակային անբարենպաստ պայմանների հետեւանքով:
Նահանգապետ Միշարինին սկզբում տեղափոխել են Կրասնոուրալսկ քաղաքի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, նրա վիճակը գնահատվել է խիստ ծանր: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ալեքսանդր Միշարինին տեղափոխել են Եկատերինբուրգի շրջանի կլինիկական հիվանդանոց, որտեղ վիրահատել են: Այժմ նա գիտակցության է եկել:




























