Ֆրանսիան եւ Գերմանիան մտադիր են Եվրամիության սկզբնական համաձայնագրերում հիմնարար փոփոխություններ կատարել` եվրոպական միասնական արժույթի պահպանման եւ դրամական միության ամրապնդման համար, որի կազմում 17 երկիր է ընդգրկված: Նման հայտարարությամբ դեկտեմբերի 1-ի երեկոյան հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին իր ծրագրային ճառում:
Նա հայտնել է, որ 2011թ. դեկտեմբերի 5-ին Փարիզում կկայանա իր հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Հանդիպմանը կուսումնասիրվեն հիմնարար բարեփոխումները, որոնք կոչված են միասնական Եվրոպայի կայուն ապագան ապահովելուն, տեղեկացնում է Associated Press-ը:
Նախագահի խոսքով` Ֆրանսիան եւ Գերմանիան համատեղ ուժերով ձգտում են հասնել համաեվրոպական համաձայնագրի, որը կվերաիմաստավորի եւ կվերակառուցի Եվրոպան: Նա համաձայնել է, որ Մաաստրիխտի համաձայնագիրը թերի է:
Սարկոզին համոզմունք է հայտնել, որ Եվրոպան չի ցանկանում կորցնել իր տեղն աշխարհում, ԵՄ համաձայնագրերի հիմնարար բարեփոխումները միանգամայն անհրաժեշտ գործընթաց է, չնայած ողջ բարդությանը: «Եթե Եվրոպան բավական արագ չփոխվի, հետագա պատմությունը կգրվի արդեն առանց մեզ », -ասել է նա:
Ֆրանսիական առաջնորդը կրկին չբացառեց եվրագոտու քայքայումը, եթե գոյություն ունեցող արժութային միությունը ավելի սերտ տնտեսական կապերով չամրապնդվի: Նա նաեւ հայտարարել է Շենգենյան համաձայնագրի վերաիմաստավորման անհրաժեշտության մասին, քանի որ Եվրոպան ներկա պահին ի վիճակի չէ հարկ եղած չափով «վերահսկել արտաքին սահմանները»:
1992թ. կնքված Մաաստրիխտի համաձայնագիրը սահմանում է, որ եվրոպական համագործակցության երկրները պետք է բյուջետային դեֆիցիտները պահպանեն երկրի ՀՆԱ - ի 3 տոկոսից ոչ ավելի չափով եւ պետական պարտքի մակարդակը պետք է կազմի ՀՆԱ - ի 60 տոկոսից ոչ ավելին: 2010թ. տվյալներով` ԵՄ միայն մի քանի պետություններ են համապատասխանել Մաաստրիխտի համաձայնագրի պահանջներին, գրում է РБК-ն:




























