ԱՄՆ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսը և Դոնալդ Թրամփը նոյեմբերի քվեարկությունից առաջ անցկացրել են իրենց առաջին և, հավանաբար, միակ նախընտրական հեռուստաբանավեճը ABC News-ի ուղիղ եթերում։ Բանավեճը տեղի է ունեցել ընտրություններից երկու ամիս առաջ, հաղորդում է BBC-ն։

Քննարկման առաջին մասը և ABC-ի հաղորդավար Դեյվիդ Մյուիրի տված առաջին հարցը վերաբերում էր տնտեսությանը։ «Դուք հավատու՞մ եք, որ ամերիկացիներն ավելի լավ վիճակում են, քան չորս տարի առաջ», հարցրել է նա:

Նախ պատասխանել է Հարրիսը և ասել, որ նախատեսում է կառուցել «հնարավորությունների տնտեսություն»: Նա խոստացել է լուծել բնակարանային ծախսերի խնդիրը, օգնել երիտասարդ ընտանիքներին և փոքր բիզնեսին։

Թրամփը նշել է, որ դեմոկրատները չորս տարում ոչնչացրել են տնտեսությունը, իսկ Հարիսը պարզապես կրկնօրինակել է Ջո Բայդենի տնտեսական ծրագիրը։

«Դոնալդ Թրամփը մեզ թողել է ամենավատ գործազրկությունը Մեծ դեպրեսիայից ի վեր։ Այն ամենը, ինչ մենք [դեմոկրատները] արել ենք, դա մաքրել է Դոնալդ Թրամփի ստեղծած խառնաշփոթը», - ասել է Հարիսը:

 «Նախագիծ 2025» և «մարքսիստ» Հարիս

Փոխնախագահն առանձին-առանձին անդրադարձել է այսպես կոչված «2025 նախագծին», որը խոսում է այն մասին, թե ինչպիսին կարող է լինել Դոնալդ Թրամփի նոր ժամկետը։ Դեմոկրատներն իրենց ծրագիրը հակադրում են այս փաստաթղթին:

Գրեթե հազար էջ ունեցող նախագծի հեղինակը Heritage Foundation-ն է։ Ինքը՝ նախկին նախագահը, փորձել է հեռու մնալ դրանից, թեև դրա մշակմանը մասնակցել են նրա դաշնակիցները։

Բանավեճի ընթացքում նախկին նախագահը կրկին հրաժարվել է Project 2025-ից՝ ասելով, որ չի կարդացել այն և մտադրություն չունի կարդալու:

Թեկնածուները մի քանի անգամ միմյանց մեղադրել են ստելու մեջ։ Բանավեճի սկզբում Հարրիսն ասել է, որ հեռուստադիտողները Թրամփից կլսեն «շատ ստեր, դժգոհություններ և անվանարկումներ»:

Թրամփը Կամալա Հարիսին անվանել է «մարքսիստ»՝ փորձելով նրա աշխատանքը կապել հոր՝ Սթենֆորդի համալսարանի նախկին տնտեսագետի աշխատանքի հետ։

«Եթե նա երբևէ ընտրվի, ամեն ինչ կփոխի: Եվ սա կլինի մեր երկրի վերջը։ Նա մարքսիստ է, բոլորը գիտեն, որ նա մարքսիստ է։ Նրա հայրը մարքսիստ տնտեսագիտության պրոֆեսոր է, և նա լավ է սովորեցրել դստերը»,- ասել է Թրամփը։

Հարրիսը մի քանի անգամ օգտագործել է «ամոթ» բառը Թրամփին դիմելիս և նրա խոսքերը մեկնաբանելիս։

«Աշխարհի առաջնորդները ծիծաղում են Դոնալդ Թրամփի վրա: Ես խոսել եմ զինվորականների հետ, որոնցից ոմանք աշխատել են ձեզ հետ, և նրանք ասում են, որ դուք խայտառակություն եք», - հայտարարել է Հարրիսը՝ դիմելով նախկին նախագահին:

«Պուտինը քեզ կուտի ճաշին»

Թրամփը հայտարարել է, որ պատերազմը պետք է ավարտվի, և ինքը կարող է հասնել դրան։ Նա կրկնել է, որ մտադիր է դա անել նույնիսկ նախքան պաշտոնը ստանձնելը (եթե հաղթի ընտրություններում):

Նրա խոսքով՝ ինքը լավ է ճանաչում Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին, և նրանք հարգում են իրեն։

«Նրանք հարգում են ինձ և չեն հարգում Բայդենին. Ինչի՞ համար հարգել նրան»,- ասել է Թրամփը։

Հարրիսն արձագանքել է՝ հիշեցնելով Թրամփին, որ ընտրություններում նա պայքարում էր իր դեմ, ոչ թե Բայդենի։

«ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցները շատ երախտապարտ են, որ դուք այլևս նախագահ չեք»,- ասել է Հարիսը Թրամփին։ «Եթե Դոնալդ Թրամփը լիներ նախագահ, Պուտինը հենց հիմա նստած կլիներ Կիևում և կնայեր մնացած Եվրոպային՝ սկսած Լեհաստանից»:

Հարիսն ընդգծել է. «Պուտինը «բռնապետ է, ով քեզ (Թրամփին) կուտի ճաշին»:

Թրամփը Հարիսին անվանել է «պատմության մեջ ամենավատ փոխնախագահը» և ասել, որ փոխնախագահ եղած ժամանակ նա չի կարողացել կանխել պատերազմը:

Աբորտներ

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ում եղել են նահանգներ, որտեղ օրինական է եղել աբորտ անել երեխայի ծնվելուց հետո, մի պնդում, որը հերքվել է բանավեճի վարողի կողմից: Այն հարցին, թե արդյոք Թրամփը վետո կդնի հղիության արհեստական ընդհատումն արգելող օրինագծի վրա, նախկին նախագահը պատասխանել է, որ իմաստ չունի քննարկել դա, քանի որ նման օրենքը Կոնգրեսի աջակցությունը չի ստանա։

Հարրիսը պաշտպանել է աբորտի սահմանադրական իրավունքը վերադարձնելը՝ վկայակոչելով այն մարտահրավերները, որոնց բախվել են կանայք այն պահից, երբ նահանգները սկսեցին կիրառել աբորտի սահմանափակումներ: Նա հայտարարել է, որ Թրամփի աբորտի քաղաքականությունը վիրավորել է ամերիկուհիներին:

Միգրացիա

Միգրացիայի մասին հարցին ի պատասխան Թրամփը կրկնել է դավադրության տեսությունը, ըստ որի՝ որոշ հանրապետականներ վերջին օրերին հայտարարել են, որ ԱՄՆ միգրանտները ընտանի կենդանիներ են ուտում: Հաղորդավարները միջմտել են՝ նշելով, որ Օհայո նահանգի Սփրինգֆիլդ քաղաքի քաղաքային մենեջերը, որի մասին խոսում է Թրամփը, հերքել է այդ լուրերը։ Սա ակնհայտ զայրույթ է առաջացրել նախկին նախագահի մոտ։ Հարրիսի խոսափողը անջատվել է Թրամփի խոսքի ժամանակ,  երբ նա նա ծիծաղել է, օրորել է գլուխը և, ըստ երևույթին, ասաել է՝ «Ի՞նչ»:

Մեղադրանքներ Թրամփի դեմ

Կալիֆորնիայի նախկին գլխավոր դատախազ Հարիսը հարցեր է բարձրացրել Թրամփի քրեական պատմության վերաբերյալ՝ ի պատասխան «միգրանտների հանցագործությունների» մասին նրա մեկնաբանությունների։ «Սա գալիս է ինչ-որ մեկի կողմից, ով քրեական պատասխանատվության է ենթարկվել ազգային անվտանգության հանցագործությունների, տնտեսական հանցագործությունների, ընտրություններին միջամտելու համար», - ասել է Հարիսը: Ի պատասխան՝ Թրամփը նշել է, որ իր դեմ հարուցված բոլոր գործերը շինծու են։

Գրոհ Կապիտոլիումի վրա

Թրամփը հրաժարվել է ընդունել, որ պարտվել է վերջին ընտրություններում և ասել, որ չի զղջում 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհի համար: «Ես ստացել եմ գրեթե 75 միլիոն ձայն՝ ավելի շատ ձայն, քան երբևէ ստացած որևէ գործող նախագահ»,- հայտարարել է նա։ Թրամփը նաև մեղադրել է Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսիին Կապիտոլիումի գրոհի ժամանակ անվտանգության խնդիրների համար։

Իսրայելի պատերազմը ՀԱՄԱՍ-ի դեմ

Հարրիսը կրկնել է այս հարցի վերաբերյալ իր նախկին հայտարարությունները՝ ասելով, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք, բայց կարևոր է, թե ինչպես է դա անում: «Այս պատերազմը պետք է ավարտվի: Այն պետք է անհապաղ ավարտվի»,- ասել է նա: Թրամփը նշել է, որ հակամարտությունը երբեք չէր սկսվի, եթե ինքը լիներ նախագահ։ «Նա ատում է Իսրայելը։ Եթե ​​նա նախագահ լինի, ես կարծում եմ, որ երկու տարի անց Իսրայելը կդադարի գոյություն ունենալ»,- ասել է Թրամփը։

Եզրափակիչ խոսքում Հարրիսը կրկնել է այն, ինչ ասել է օգոստոսին Դեմոկրատների ազգային համագումարի ժամանակ իր ելույթում. «Մենք հետ չենք գնալու»: Նա կրկին հայտարարել է, որ ինքը լինելու է բոլոր ամերիկացիների նախագահը։ Հարրիսը նշել է, որ ինքը և Թրամփը տարբեր պատկերացումներ ունեն Ամերիկայի վերաբերյալ:

Թրամփն իր եզրափակիչ ելույթում կրկին հարձակվել է Հարրիսի վրա՝ ասելով, որ նրա քաղաքական օրակարգը ոչինչ չի նշանակում, և որ նա, իբր, ոչինչ չի արել փոխնախագահի պաշտոնում չորս տարիների ընթացքում: «Դուք հավատում եք բաների, որոնց ամերիկացիները չեն հավատում», - հայտարարել է Թրամփը: «Մենք լուրջ անկում ապրող երկիր ենք։ Ամբողջ աշխարհում ծիծաղում են մեզ վր»: