Հայաստանի տարածքում նոյեմբերի 24-ից մինչեւ 30-ը Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության դիտացանցը 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
Տարածաշրջանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է 164 երկրաշարժ, որից 156-ը Թուրքիայի արեւելքում` Վան քաղաքի շրջանում: Նոյեմբերի 24-ին 4 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում, Ալաշկերտ քաղաքից 21 կմ հարավ-արեւմուտք, որին նույն էպիկենտրոնային գոտում մեկ ժամվա ընթացքում հաջորդել է 2 ստորգետնյա ցնցում` 3-4 եւ 3 բալ ուժգնությամբ:
Նույն օրը Թուրքիայի Իգդիր քաղաքից 16 կմ հարավ-արեւելք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4 բալ: Նոյեմբերի 24-ին եւ 25-ին 3-4 բալ ուժգնությամբ 2 սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Ադրբեջանի տարածքում, առաջինը Նախիջեւան քաղաքից 23 կմ արեւելք, երկրորդը Շամխոր քաղաքից 9 կմ հարավ-արեւմուտք: Նոյեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից 30 կմ հյուսիս-արեւմուտք եւ Ադրբեջանի Շամխոր քաղաքից 19 կմ հարավ-արեւմուտք տեղի են ունեցել 3 բալանոց ստորգետնյա ցնցումներ:
Պահպանվում է սեյսմիկ ակտիվությունը Թուրքիայի արեւելյան հատվածում: Անցած շաբաթ գրանցվել է 156 հետցնցում, որից մեկը` 7 բալ ուժգնությամբ (5.0 մագնիտուդ): Երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին Վան քաղաքից 3 կմ հյուսիս: Ստորգետնյա տատանումները դարձյալ խուճապ են առաջացրել բնակչության մոտ:




























