ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսի թիմը գոհ է  նախընտրական մրցավազքում իր հիմնական մրցակցի՝ հանրապետական ​​Դոնալդ Թրամփի հետ բանավեճից։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Հարիսի նախընտրական շտաբի խորհրդականների շրջանում անանուն աղբյուրներին։

Ըստ աղբյուրների, փոխնախագահի աշխատակազմը գոհ է մնացել բանավեճի արդյունքներից, քանի որ Հարիսը «գերազանց տիրապետում է» բարձրացված թեմաներին և կարողացել է նաև «փոխանցել իր ուզած ուղերձը» նախընտրական մրցավազքի առանցքային հարցերի վերաբերյալ՝ ներառյալ տնտեսությունը, արտաքին քաղաքականությունը և վերարտադրողական իրավունքները։ Բացի այդ, ըստ Հարիսի թիմի, նրան հաջողվել է մի քանի անգամ «հունից հանել» Թրամփին։ Այս ֆոնին բանավեճից հետո «փոխնախագահի շտաբում տոնական տրամադրություն է տիրում»,- նշում են հեռուստաընկերության աղբյուրները։

Հարիսի և Թրամփի հեռուստաբանավեճը տեղի է ունեցել երեքշաբթի օրը Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում։ Այն կազմակերպել է ABC News-ը։ Ամերիկյան բոլոր խոշոր լրատվական հեռուստաընկերությունների  ուղիղ եթերով հեռարձակված այս բանավեճը կարող է միակը լինել. Թրամփը և Հարիսը դեռ չեն կարողանում պայմանավորվել նման նոր հանդիպման անցկացման շուրջ: