ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի կողմնակիցներն ու խորհրդականները խոստովանել են, որ դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի հետ հեռուստաբանավեճի ընթացքում Թրամփը տեղի է տվել իր մրցակից Հարիսի սադրանքներին, ինչի պատճառով էլ նախկին նախագահը չի կարողացել բանավեճն ուղղել հարցերի այն հունով, որոնցում Հարիսն առավել խոցելի է։ Դրա մասին հայտնում է CNN-ը։
Ըստ հանրապետականին մոտ կանգնած անանուն աղբյուրի՝ Հարիսը որոշ պահերին հաջողությամբ հրահրել է Թրամփին՝ ստիպելով նրան ինքնագրոհ ձեռնարկել:
Միևնույն ժամանակ, հանրապետականի վկայակոչած փաստերի ստուգումները, որոնք ուղիղ եթերում մեջբերել են ABC News-ի մոդերատորները, ըստ երևույթին զայրացրել և հունից հանել են Թրամփին, նշում է CNN-ի զրուցակիցը։ Ըստ նրա՝ Հարիսի ներկայացրած փաստերը նվազ մանրակրկիտ են ստուգվել։
Հանրապետականների անանուն խորհրդականի կարծիքով՝ Թրամփը չկարողացավ զրույցն ուղղել դեպի այն թեմաները, որոնք իսկապես կարևոր են նոյեմբերի ընտրություններից առաջ, մասնավորապես՝ տնտեսությունը և գնաճը: Նա նշել է, որ մոդերատորներն այս թեմաների վերաբերյալ Հարիսին այդպես էլ բավականաչափ հարցեր չեն ուղղել։
Թրամփի խորհրդական Թիմ Մերթաուն հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պարզաբանել է, որ Հարիսը ոչ մի բառ չի ասել՝ ինչպես է լուծելու ընտրողների համար երկու ամենակարևոր ՝ գնաճի կամ Մեքսիկայի սահմանի լարվածության հարցերը:





























