Լյուքսեմբուրգի ընդհանուր իրավասության եվրոպական դատարանը մերժել է ռուս միլիարդատերեր Գենադի Տիմչենկոյի, Միխայիլ Ֆրիդմանի, Պյոտր Ավենի և Գերման Խանի հայցերը, որոնք ձգտում էին իրավունք ստանալ պատժամիջոցների շրջանակում չհայտարարագրել ԵՄ երկրներում իրենց ունեցվածքը, գրում է The Moscow Times պարբերականը։

2022 թվականի հուլիսին ԵՄ խորհուրդը Ուկրաինայում պատերազմի համար պատժամիջոցների ցանկում ընդգրկված ռուսաստանյան ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտավորեցրել է բացահայտել իրենց ունեցվածքը ԵՄ-ում: Ինչպես պարզաբանել է Եվրահանձնաժողովը, այս որոշումն ընդունվել է սահմանափակումները շրջանցելու սխեմաները բարդացնելու նպատակով։ Ակտիվները պետք է հայտարարագրվեին մինչև 2022 թվականի սեպտեմբերը կամ անձի նկատմամբ պատժամիջոցի ենթարկվելուց վեց շաբաթվա ընթացքում։

Միաժամանակ, ԵՄ-ն որոշել է ակտիվների հայտարարագրման պարտավորության չկատարումը մեկնաբանել որպես պատժամիջոցների սահմանափակումների շրջանցում։ Դրանից հետո՝ 2024 թվականի գարնանը, ԵՄ-ն հաստատեց օրենք, որով քրեականացնում է նման գործողությունները։

Տիմչենկոն և Ֆրիդմանը իրենց հայցադիմումների մեջ նշել են, որ ԵՄ խորհուրդը գերազանցել է իր լիազորությունները, քանի որ այն չի կարող որևէ ուղղակի պարտավորություն դնել անձանց վրա, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել։ Նրանք նաև դժգոհել են, որ սահմանափակումները չարաշահվում են։

Սակայն դատարանը չի համաձայնել այս փաստարկների հետ։ «Իրավական և ֆինանսական մեխանիզմներին հակազդելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, որոնք նպաստում են սահմանափակող միջոցների շրջանցմանը, արդարացնում են նման պահանջները»,-ասված է դատական ատյանի որոշման մեջ։

Որոշումը միաժամանակ շետշում է, որ ԵՄ խորհուրդը չի միջամտել ԵՄ անդամ երկրների լիազորություններին, քանի որ նրանց ազգային իշխանությունները պահպանում են պատժամիջոցները շրջանցելու հանցագործության բնույթը (քրեական, քաղաքացիական կամ վարչական) որոշելու իրավունքը և պատասխանատվությունը: Տիմչենկոյի, Ֆրիդմանի, Ավենի և Խանի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել 2022 թվականի փետրվարին։

Տիմչենկոն դատարանում վիճարկել է սահմանափակումները՝ պահանջելով ոչ միայն չեղարկել դրանք, այլև պարտավորեցնել ԵՄ-ին վճարել իրեն կրած ոչ նյութական վնասի փոխհատուցումը, որը նա գնահատել է 1 միլիոն եվրո։ Սակայն 2023 թվականի սեպտեմբերի սկզբին Եվրոպական ընդհանուր իրավասության դատարանը մերժել է միլիարդատիրոջ հայցը։

Ֆրիդմանը և Ավենը 2022 թվականի մայիսին միաժամանակ հայցեր են ներկայացրել՝ պատժամիջոցները չեղարկելու վերաբերյալ։ 2024 թվականի ապրիլին Եվրոպական ընդհանուր իրավասության դատարանը որոշել է չեղարկել նրանց նկատմամբ անձնական սահմանափակումները՝ անբավարար հիմնավորված համարելով գործարարներին ԵՄ խորհրդի պատժամիջոցային ցուցակում ընդգրկելու պատճառները։ Սակայն միլիարդատերերը տեխնիկապես դեռևս պատժամիջոցների տակ են, քանի որ 2023 թվականի մարտին ընդգրկվել են նորացված պատժամիջոցների ցանկում։