Ուկրաինայի կառավարության ղեկավար Դենիս Շմիգալը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամիի հետ հանդիպումից հետո շնորհակալություն է հայտնել Լոնդոնին՝ ուկրաինական էներգետիկային աջակցելու նպատակով 30 միլիոն ֆունտ հատկացնելու համար։ Հանդիպման արդյունքների մասին Շմիգալը հայտնել է իր թելեգրամյան ալիքում։

Շմիգալը շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիային ռազմական աջակցության նոր փաթեթի համար, որի մասին հայտարարվել է անցյալ շաբաթ։ Խոսքը 162 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ ՀՕՊ հրթիռների տրամադրման մասին է։

Ուկրաինայի վարչապետը հավելել է, որ Մեծ Բրիտանիան կօգնի վերականգնել Ռուսաստանի կողմից ավերված էներգետիկ օբյեկտները և զարգացնել ապակենտրոնացված արտադրությունը։

Մեծ Բրիտանիան, ըստ նրա, կշարունակի ռազմական աջակցություն ցուցաբերել տարեկան 3 միլիարդ ֆունտ ստեռլինգի չափով այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Շմիգալը նշել է, որ Ուկրաինան սպասում է ռուսական տարածքում գտնվող ռազմական օբյեկտների դեմ հեռահար զենքով հարվածներ հասցնելու համար Մեծ Բրիտանիայի թույլտվությանը։