ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը նախօրեին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի ամենամյա նիստում հանդես է եկել հայտարարությամբ:
NEWS.am-ը ներկայացնում է ամբողջական տեքստը:
«Երեքշաբթի օրը Վիլնյուսում ես կողջունեմ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 56 մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարներին. ԵԱՀԿ-ն համախմբում է Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում մասնակից պետություններին համընդհանուր արժեքների շուրջ, ինչպես նաեւ պետություններին Հարավ Միջերկրածովյան, Ասիայի եւ Ավստրալիայի տարածքում տասներկու գործընկեր պետություն: Երկու օր շարունակ մենք կքննարկենք անվտանգության մեր ընդհանուր առաջնահերթությունները:
Անցյալ տարի մեր ղեկավարները վերահաստատեցին ազատ, ժողովրդավարական, համընդհանուր եւ անքակտելի եվրո-ատլանտյան եւ եվրասիական անվտանգության համայնքի ընդհանուր տեսլականը` համընդհանուր արժեքների, համաձայնեցված հանձնառությունների եւ ընդհանուր նպատակների հիմքի վրա: Սա հավակնոտ տեսլական է: Ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու նպատակով անհրաժեշտ վստահություն ձեւավորելու համար մենք պետք է բացեիբաց քննարկենք մեր տարաձայնությունները, համբերատար լինենք ու վճռականորեն ներգրավվենք` մեր երկրների ու հասարակությունների թե’ վաղեմի, թե’ նոր առաջացած սպառնալիքներին հակազդելու գործի մեջ:
2011 թ. Լիտվան` որպես ԵԱՀԿ նախագահող պետություն, օգնել է մեր մասնակից պետություններին ձեռնարկել գործնական եւ նշանակալից քայլեր` բարեփոխելու եւ ամրապնդելու մեր կառույցներն ու գործելակերպը` ԵԱՀԿ հանձնառություններին համապատասխան: Միայն անցյալ շաբաթ Վիլնյուսում մենք վերսկսեցինք մոտ վեց տարվա դադարից հետո, Մերձդնեստրի ընդհատված խաղաղ բանակցությունները: Սա ցույց է տալիս, թե ինչ արդյունքի կարելի է հասնել համբերատարության, հետեւողականության եւ շարունակական կանխարգելիչ դիվանագիտության շնորհիվ: Մենք կրկնապատկել ենք մեր համատեղ ջանքերը` հաղթահարելու այնպիսի անդրսահմանային սպառնալիքներ, ինչպիսիք են կազմակերպված հանցավորությունը, ահաբեկչությունը, թմրանյութերի, զենքերի ու մարդկանց թրաֆիքինգը, կիբեր հարձակումները: Միջազգային համագործակցության խթանումը միակ տարբերակն է մեկ քայլ առաջ լինելու նրանցից, ովքեր սպառնում են մեր հասարակության անվտանգությանն ու ամբողջականությանը` էլ ավելի կատարելագործված մարտահրավերներ ներկայացնելով: Անտարբերության գինը շատ բարձր կարող է լինել:
Մեր նախագահության ընթացքում մեր ուշադրության կենտրոնում է եղել ոչ միայն պետությունների միջեւ ամուր հարաբերությունների ձեւավորումը, այլեւ պետությունների եւ իրենց քաղաքացիների միջեւ վստահության բարձրացումը: Մենք խթանել ենք խոսքի ազատությունը` ճանաչելով այն հիմնարար դերը, որ լրատվամիջոցներն ունեն մեր ազատությունների, ժողովրդավարական արժեքների հարգանքի ապահովման գործում: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել լրագրողների անվտանգությանը եւ նպաստել ազատ եւ բազմակարծիք թվային մեդիայի զարգացմանը:
Մենք կազմակերպել ենք մի շարք բարձր մակարդակի միջոցառումներ` ուղղված էթնիկ փոքրամասնությունների եւ կրոնական խմբերի հանդեպ արմատավորված անհանդուրժողականության դեմ պայքարին, որ ցավոք դեռեւս առկա է մեր եկրկներից շատերում: Փոքրամասնությունները հաճախ առաջինն են տուժում ճգնաժամի ժամանակ:
Նվազ ուշագրավ, սակայն գուցե ավելի հետեւողական է եղել մեր հատուկ կառույցների եւ տասնվեց դաշտային առաքելությունների աշխատանքը` այդ թվում Հայաստանը: Համագործակցությունը տեղերում մեր առաքելությունների եւ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ - ների եւ ներգրավված քաղաքացիների միջեւ բոլոր մակարդակներում հիմք է ձեւավորում անվտանգ ժողովրդավարական հաստատությունների, բաց, թափանցիկ հաղորդակցության եւ կառավարման, եւ ապահովում է անվտանգության իրական համապարփակ հիմքեր մեր հասարակությունների բոլոր հարթություններում:
Աստանայում անցյալ տարի մեր ղեկավարներն ընդունեցին, որ մեր տարածաշրջանի անվտանգությունն անքակտելիորեն կապված է մեր հարեւանների, այդ թվում` Աֆղանստանի եւ ասիական եւ հարավ միջերկրածովյան այլ երկրների հետ: Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի ողբերգական իրադարձությունները հիշեցնում են երկու տասնամյակ առաջ իմ սեփական երկրի` հանուն անկախության եւ ժողովրդավարության պայքարը, եւ վկայություն են` ժողովրդի ազատ ապրելու ձգտումների:
Իմ այցելությունը Թունիս ավելի վաղ այս տարի ինձ հիշեցրեց, թե որտեղ էր գտնվում Լիտվան քսան տարի առաջ, երբ անկախության վերականգնման ուղղությամբ առաջին քայլերն էր ձեռնարկում եւ որքան անելու բան կար: Ես նաեւ վերհիշել եմ, թե որքան կարեւոր է ունենալ ավելի հասուն ժողովրդավարական համակարգ ունեցող ընկերների եւ հարեւանների աջակցությունը` մասնավորապես սկանդինավյան տարածաշրջանի, որին Լիտվան այժմ պատկանում է: Ճիշտ այնպես, ինչպես մեր ուղին ժամանակ պահանջեց, մենք պետք է ակնկալենք, որ հարավ-միջերկրական տարածաշրջանի երկրների անցումը երկար գործընթաց կլինի, որը կպահանջի միջազգային գործընկերների աջակցությունը պետական հաստատություններին եւ քաղաքացիական հասարակությանը: Մենք շարունակում ենք զարգացնել լավագույն պրատիկան եւ կիսվել փորձով բոլոր մասնակից պետությունների շրջանում: Մենք պատրաստ ենք կիսել մեր փորձը մեր գործընկերների հետ, ինչպես նաեւ սովորել նրանցից այդ գործընթացում: Միեւնույն ժամանակ ԵԱՀԿ ջանքերը` գործընկեր Աֆղանստանում իրավապահ կարողությունները զարգացնելու եւ ամբողջ Կենտրոնական Ասիայում հասարակական կայունությանը նպաստելու, ուղղված են անդրադառնալու հրատապ խնդիրներին առաջիկա ռազմական կրճատումների համատեքստում:
Շարունակվող ֆինանսական ճգնաժամի մարտահրավերների եւ Մերձավոր Արեւելքում ու Հյուսիսային Աֆրիկայում արագ փոփոխվող իրավիճակի համատեքստում` մենք չենք կարող աչք թեքել մեր ներպետական կամ սահմաններից դուրս անավարտ գործերից: Մենք պետք է ցուցաբերենք եւ օգտագործենք մեր վճռական եւ հավաքական ուժը` մեր ընդհանուր աշխարհագրական տարածքը դարձնելու իսկապես անվտանգության համայնք»:




























