Բրիտանական իշխանությունները թույլ կտան օգտագործել հեռահար Storm Shadow հրթիռները Ռուսաստանի տարածքի խորքերին հարվածելու համար, The Guardian-ին հայտնել են բրիտանական կառավարության աղբյուրները։

Նրանք ասել են, որ որոշումն արդեն կայացվել է, բայց չի ակնկալվում, որ այն հրապարակայնորեն կհայտարարվի ուրբաթ օրը, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ:

Հրատարակությունը նշում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Լամմին Կիևում բանակցություններ են վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ։

Բլինկենն ասել է, որ ԱՄՆ-ն «առաջին իսկ օրվանից» պատրաստ է հարմարեցնել իր քաղաքականությունը, քանի որ իրավիճակն Ուկրաինայի մարտադաշտում փոխվում է:

«Մենք կշարունակենք դա անել։ Այստեղ էսկալացնողը Պուտինն է։ Պուտինը սրեց իրավիճակը Իրանից հրթիռների մատակարարման հարցում։ Մենք տեսնում ենք Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի նոր դաշինքը»,- ասել է ամերիկացի պետքարտուղարը։

Storm Shadow հրթիռները, որոնք մշակվել են Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից, ունեն 250–500 կմ հեռահարություն։ Առաջին նման հրթիռներն Ուկրաինա են հասել 2023 թվականի մայիսին։ Ռուսական կողմը հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերը դրանք օգտագործել են ինքնահռչակ ԼԺՀ-ի վրա հարձակումների ժամանակ, ինչպես նաև փորձել են հարվածել Ղրիմի վրա։ Միևնույն ժամանակ, ՌԴ ՊՆ-ն պնդել է, որ ռուս զինվորականներին հաջողվել է որսալ հրթիռները և հարվածել այն օդանավակայաններին, որտեղ տեղակայված է եղել Storm Shadow արձակած ինքնաթիռը։