Երեքշաբթի՝ սեպտեմբերի 10-ին, ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Քամալա Հարիսի միջև տեղի ունեցավ երկար սպասված հեռուստաբանավեճը։ Հանրապետական կուսակցության դաշնակիցները կարծում են, որ Թրամփը պարտվել է, հայտնում է CNN-ը։

Նշվում է, որ բեմը լքելուն պես Թրամփն անմիջապես սկսել է դիտասրահում իրեն սպասողներին հարցուփորձ անել՝ ինչպես անցան վերջին 90 րոպեները։ Ոմանք երեսին գովում էին նրան՝ ասելով, որ նա «հիանալի աշխատանք» կատարեց, բայց դա այն չէ, ինչ նրանցից շատերն ասում էին մասնավոր զրույցում:

Փոխարենը, Թրամփի շրջապատում մարդիկ հայտարարում էին, որ այն, ինչ տեղի ունեցավ բեմում, լավագույն դեպքում ոչ-ոքի էր, իսկ վատագույն դեպքում՝ պարտություն: Ոմանք ապշած էին, որ ԱՄՆ նախկին նախագահը չկարողացավ ավելի լավ իրականացնել այն թեզիսները, որոնք նա առաջադրել էր փոխնախագահ Հարիսի դեմ: Հատկապես՝ ընդդեմ նրա ծառայողական ցանկի և քաղաքական շրջադարձերի:

Ըստ CNN-ի երկու աղբյուրների՝ Թրամփը Հարիսի հետ բանավեճին ավելի հանգամանալից էր պատրաստվել, քան ամռանը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանավեճին։ Միաժամանակ նա փոխնախագահի «աչքը չմտցրեց» ամենակարևոր փաստարկներից մեկը՝ այն է՝ ինչու Հարիսը իշխանության 3,5 տարիների ընթացքում չի կատարել այն խոստումները, որ հիմա է տալիս։ Դա զարմացրել է շատերին, ովքեր լսել էին Թրամփի այս փաստարկը մասնավոր զրույցներում և նախընտրական արշավի ընթացքում:

Բացի դրանից, հանրապետական ​​թիմի մարդկանցից մեկը խոստովանել է, որ նախկին նախագահը խայծը կուլ էր տալիս ամեն անգամ, հենց Հարրիսն այն գցում էր ասպարեզ։

CNN-ը գրում է, որ թեև Թրամփի բազմաթիվ դաշնակիցներ միջադեպը որակել են որպես «բաց թողնված հնարավորություն», նրանք դրանից հետո սկսել են նսեմացնել հեռուտաբանավեճի ընդհանուր կարևորությունը։ Հանրապետականին մոտ կանգնած մարդիկ պնդում են, որ Փենսիլվանիայում բանավեճի արդյունքը Թրամփի վարկանիշը չի փոխի։