Քրենֆիլդի համալսարանի ղեկավարությամբ գիտնականները նոր ուղիներ են մշակել մեղրի մեջ շաքարի օշարակի կեղծումը հայտնաբերելու համար՝ կեղծ արտադրանքի հայտնաբերման արագ և ճշգրիտ թեստերի համար ճանապարհ հարթելով: Երկու հետազոտությունները հրապարակվել են Foods and Food Control հանդեսներում:

Մեղր սպառողների պահանջարկն աճում է, սակայն այդ թանկարժեք ապրանքը խոցելի է խարդախության համար, քանի որ մաքուր մեղրը կեղծելիս օշարակներ են ավելացնում, գրում է planet-today-ը։ Ըստ 2023 թվականի Եվրոպական հանձնաժողովի զեկույցի՝ փորձարկված 147 մեղրի նմուշների 46%-ը, ըստ երևույթին, կեղծված են եղել էժան բուսական օշարակներով:

Քանի որ մեղրի բնութագրերը տարբեր են՝ կախված նեկտարի աղբյուրներից, բերքահավաքի սեզոնից և աշխարհագրությունից, կեղծված արտադրանքը հայտնաբերելը հաճախ դժվարագույն և բարդ խնդիր է: Նույնականացման եղանակները թանկ են և ժամանակատար, և խարդախության դեմ պայքարի համար հուսալի փորձարկման և նոր կանոնների ընդունման աճող անհրաժեշտություն կա:

Քրենֆիլդի համալսարանի գիտնականները բրիտանական մեղրի իսկությունն արագ և ճշգրիտ կերպով ստուգելու համար հաջողությամբ երկու նոր եղանակ են փորձարկել:

Քրենֆիլդի համալսարանի կենսատեղեկատվության դասախոս Մարիա Անաստասիադիի գլխավորած հետազոտական ​​նախագիծը Սննդի ստանդարտների գործակալության և Մեծ Բրիտանիայի Գիտության և տեխնոլոգիաների հաստատությունների խորհրդի (STFC) հետ համատեղ կեղծ մեղր հայտնաբերելու համար՝ առանց մեղրի տարան բացելու անհրաժեշտության լուսային հետազոտության հատուկ եղանակ է կիրառել:

Բրիտանական մեղրի նմուշները, որոնցում բրնձի և շաքարի ճակնդեղի օշարակներ են խառնվել, փորձարկվել են ոչ ինվազիվ տարածական օֆսեթ ռամանական սպեկտրոսկոպիայի (SORS) տեխնիկայի միջոցով, որն ի սկզբանե մշակվել է STFC Գլխավոր լազերային կենտրոնում (CLF), որն ավելի հաճախ օգտագործվում է դեղագործական և անվտանգության ախտորոշման համակարգերում:

Պարզվել է, որ այդ եղանակը բավական ճշգրիտ է մեղրի մեջ առկա շաքարի օշարակները հայտնաբերելու հարցում: SORS-ը արագ հայտնաբերել է մթերքում յուրաքանչյուր բաղադրիչի «մատնահետքը», և շաքարի օշարակները տարբեր բուսական աղբյուրներից հաջողությամբ հայտնաբերելու և նույնականացնելու համար գիտնականները վերոնշյալ տեխնիկան համատեղել են մեքենայական ուսուցման հետ:

Փորձարկումը դյուրատար է և օգտագործման համար բավական հեշտ, ինչը ամբողջ մատակարարման շղթայում մեղրը փորձարկելու համար այն դարձնում է իդեալական զննման գործիք:

Սննդի ստանդարտների գործակալության և Բելֆաստի Քուինսի համալսարանին առընթեր Սննդի համաշխարհային անվտանգության ինստիտուտի հետ համատեղ իրականացված երկրորդ հետազոտությունն  ԴՆԹ-ի շտրիխ կոդավորում է կիրառել ՝ բրինձ և եգիպտացորենի օշարակներ հայտնաբերելու համար, որոնք ավելացվել են Մեծ Բրիտանիայի մեղրի նմուշներում:

Գիտնականներն օգտագործել են Մեծ Բրիտանիայի մեղվաբույծներից հավաքված ծաղկի նեկտարի տարբեր սեզոններ և աղբյուրներ ներկայացնող մեղրի 17 նմուշներ: Բրիտանական մեղրի չորս նմուշ էլ գնել են սուպերմարկետներից և առցանց մանրածախ առևտրից: Այնուհետև նմուշները «համեղացվել» են մի շարք երկրներում արտադրված եգիպտացորենի և բրնձի օշարակներով:

Սննդի մեջ բույսերի տեսակների նույնականացման համար արդեն իսկ օգտագործվող ԴՆԹ-ի շտրիխ կոդավորումն  արդյունավետ կերպով ապացուցել է յուրաքանչյուր նմուշի բաղադրությունը և հաջողությամբ հայտնաբերել օշարակներ՝ նույնիսկ 1% կեղծվածության մակարդակում:

Մշակված երկու եղանակները կարող են համատեղ կիրառվել՝ մեծացնելով մեղրի մեջ էկզոգեն շաքարի կեղծման հայտնաբերման հավանականությունը: