Ադրբեջանական իշխանությունները հարձակում են սկսել բրիտանական հեղինակավոր Guardian պարբերականի վրա: Ադրբեջանական «Ազադլըգ» թերթը գրում է, որ պարբերականին սկսել են քննադատել պաշտոնական թերթերը: Այսպես, նոյեմբերի 30-ին «Բակինսկի ռաբոչի» թերթում գլխավոր խմբագրի ստորագրությամբ հոդված է տպվել` «Բրիտանական մամուլի «խորամանկ Ալբիոնը» վերտառությամբ: Մեկ օր անց նույն հոդվածը հայտնվել է «Ազերբայջան» թերթում, որն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի տպագիր օրգանն է: Հոդվածում քննության է առնվում Guardian-ի` ադրբեջանական իրականությունը արտացոլող հոդվածները, որոնք սուր քննադատության են ենթարկվում, գրում է «Ազադլըգ»-ը:
Բրիտանական պարբերականի դեմ հարձակումը պայմանավորված է նրանով, որ վերջին շրջանում թերթը հաճախակի է հոդվածներ հրապարակում` մերկացնելով Ադրբեջանի իշխանությունների եւ պետական պաշտոնյաների, մասնավորապես ԱԻՆ-ի ղեկավար Քեմալադին Հեյդարովի խարդախություններն ու կեղծիքները: Որոշ իշխանական լրագրողներ կարծում են, որ միջազգային հանրության կարծիքի վրա ազդող այդ հեղինակավոր թերթի մասին քննադատություններ գրելով, իրենք կարող են անձեռնամխելի դառնալ: Սակայն այժմ Նախագահի աշխատակազմում հատուկ հոդված է նախապատրաստվում, որտեղ նշվում է, որ այդ հոդվածներում արտացոլված կարծիքները արտահայտում են միայն հեղինակի անձնական տեսակետը, ոչ թե հասարակության մոտեցումները: Բացի այդ, բրիտանական պարբերականի վրա կատարված «հարձակումը» կարող է ստանալ քաղաքական երանգավորում: «Ավելին արդյոք այդ հարձակումներն չե՞ն հանգեցնի նրան, որ միջազգային մակարդակով ավելի կոշտ հրապարակումներ լինեն Ադրբեջանի դեմ: Եւ ի վերջո, նման հրապարակումների փոխարեն շատ ավելի լավ կլիներ, որ երկրում բարեփոխումներ անցկացվեին, որոնց մասին գրում է Guardian-ը»,-եզրափակում է «Ազադլըգ»-ը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում բրիտանական պարբերականը հաճախ է հրապարակումներ անում` ներկայացնելով Ադրբեջանին որպես աշխարհի ամենակոռումպացված եւ ավտորիտար վարչակարգ ունեցող պետություններից մեկը:




























