ՄԱԿ - ի Մարդու իրավունքների հանձնաժողովը հավանություն է տվել Եվրոպական Միության առաջարկած բանաձեւին, որը Սիրիային դատապարտում է մարդու իրավունքների «լուրջ եւ պարբերաբար» ոտնահարման, երկրի խաղաղ բնակչության սպանության եւ խոշտանգումների համար:

Հանձնաժողովը կարծում է, որ Սիրիայի իշխանություններին ընդհանուր հաշվով կարելի է մեղադրել մարդկության դեմ գործած ոճիրների մեջ, տեղեկացնում է Reuters-ը:

Բանաձեւին հավանություն են տվել 47 անդամ երկրներից 37-ը, 4 երկիր, այդ թվում` Չինաստանը եւ Ռուսաստանը, դեմ են քվեարկել, եւս 6-ը ձեռնպահ են մնացել:  Բանաձեւի տեքստը կոչ է անում դիտարկել Սիրիայում մարդկության դեմ գործած ոճիրների վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցը եւ «համապատասխան միջոցներ ձեռնարկել»: Նաեւ առաջարկվում է Սիրիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հատուկ զեկուցողի մանդատ ստեղծել:

ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Ֆայսալ Հաբազ Համուին բանաձեւն անվանել է «քաղաքականացված» եւ «ուղղված Սիրիայի հետ հարաբերությունների դադարեցմանը»:

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Այլին Չեմբերլեյն Դոնահյուն հայտարարել է, որ չի բացառվում գործը Միջազգային քրեական դատարանին հանձնելը: