Reuters-ը տեղեկացնում է, որ Եգիպտոսի ԿԸՀ նախագահ Աբդել Իբրահիմը, ներկայացնելով ընտրությունների արդյունքները, կատակել է` նշելով, որ Եգիպտոսի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում մասնակցության այնպիսի բարձր ցուցանիշ է արձանագրվել, ինչպիսին չէր եղել «Փարավոնների ժամանակից ի վեր»:

Ըստ նրա` ընտրություններին մասնակցության ցուցանիշը կազմել է 62%, ընդ որում` քվեարկության ընթացքում կատարված խախտումների թիվը եւս մեծ է եղել, սակայն դա չի ազդել ընտրություններն անկողմնակալ անցկացնելու վրա:
ԿԸՀ նախագահը ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցությունների արդյունքները չի հայտնել: Նրա խոսքով` միայն չորս անհատական թեկնածուներ, որոնցից երկուսը «Մահմեդական եղբայրներ» շարժման ստեղծած «Ազատություն եւ արդարություն» կուսակցության (ԱԱԿ) ներկայացուցիչներ են, իրենց համար տեղ են երաշխավորել խորհրդարանում, մնացածներն ստիպված են մասնակցել քվեարկության երկրորդ փուլին:

 «Մահմեդական եղբայրների» կուսակցությունը կուսակցական ցուցակների քվեարկությունում ակնկալում է 43%-ը, իսլամիստական պահպանողական  «Նուր» կուսակցությունը,  «Մահմեդական եղբայրների» գնահատմամբ, կստանա ձայների 30%-ը:

Հիշեցնենք, որ Եգիպտոսի խորհրդարանական ընտրությունները երեք փուլով են ընթանում, որոնցից առաջինն սկսվել էր նոյեմբերի 28-ին:

2011թ. փետրվարին ժողովրդական խռովությունների արդյունքում Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց: Երկրի իշխանությունը փոխանցվեց Գերագույն ռազմական խորհրդին: Զինվորականներն առայժմ չեն շտապում իշխանությունը հանձնել քաղաքացիական կառավարությանը, ինչը պարբերաբար Եգիպտոսի փողոցներում բողոքի ցույցերի պատճառ է դառնում: