Մոսկվայում հարբած մարդկանց դեբոշի ընթացքում մասնակիցներից մեկին ցած են նետել 4-րդ հարկի բնակարանի պատուհանից:

Ինչպես հաղորդել են ռուսական մայրաքաղաքի իրավապահ մարմինները, սպիրտային խմիչքներ օգտագործելիս ծագած կռվի ընթացքում հինգ մարդ տուժել է:

Ոստիկանությունն ահազանգ է ստացել գիշերվա ժամը երկուսի սահմաններում: Դեպքի վայր են ժամանել մի քանի պարեկային խմբեր, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Պարզվել է, որ հինգհարկանի շենքի չորրորդ հարկում մի խումբ երիտասարդներ երեկույթ են կազմակերպել, ինչից հետո դանակների, պատառաքաղների եւ տրավմատիկ ատրճանակի կիրառմամբ վեճ է ծագել: Կռվողներից մեկին չորրորդ հարկից ցած են նետել:

Կռվի հինգ մասնակիցներ լուրջ վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել են հիվանդանոց, ներառյալ` պատուհանից շպրտվածը: Վերջինս կոմայի մեջ է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: