Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը տեղեկացնում է, որ իսրայելյան զինվորները դեկտեմբերի 2-ին լրտեսության նպատակով պայթեցրել են սեփական սարքավորումը: Շարժման հավաստիացմամբ` Իսրայելի նպատակը հենց այդ սարքավորումն էր, ոչ թե «Հըզբոլլահ»-ի ռազմամթերքի պահեստը, ինչպես հայտարարվել էր պայթյունից հետո:
Ինչպես AFP-ին հղում անելով տեղեկացնում է Lenta.Ru-ն, հաղորդագրության մեջ նշվում է, որ Իսրայելը սեփական սարքավորումը ոչնչացնելու որոշում է կայացրել հաղորդակցական ցանցերի ազդանշանի խափանման համար, այն բանից հետո, երբ «Հըզբոլլահ»-ը իմացել էր դրա գտնվելու վայրի մասին: Համաձայն որոշ տվյալների` պայթյունի վայրում իսրայելական անօդաչու սարքեր են նկատվել:
Լիբանանի հարավում պայթյունը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին: Արդյունքում նվազագույնը երկու մարդ տուժել է:
Ականատեսների վկայությամբ` պայթել է իսրայելական անօդաչու սարքից արձակված հրթիռը: Այլ աղբյուրները միաժամանակ պնդում են, որ պայթել է 2006թ. պատերազմից ի վեր հողի տակ մնացած կասսետային ռումբը:
Հաղորդվել էր, որ պայթյունի տարածքում գտնվում է «Հըզբոլլահ» շարժմանը պատկանող ռազմամթերքի պահեստը:




























