Այսօրվանից` դեկտեմբերի 3-ից, Վերին Լարսի անցակետում գտնվող հայ բեռնափոխադրողների բեռնատար մեքենաները հայկական կողմի տրամադրած հատուկ ծանրաքարշ մեքենաների օգնությամբ սկսել են տեղաշարժվել: Սա տեղի է ունեցել Վրաստանի ենթակառուցվածքների եւ տարածքային զարգացման նախարար Ռամազ Նիկոլայիշվիլիի հանձնարարականով:
Այս մասին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի հետ հեռախոսազրույցում հավաստիացրել է Ռամազ Նիկոլայիշվիլին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, Վերին Լարսի անցակետում առատ ձյան եւ բքի պատճառով մնացած մեքենաներն ամբողջությամբ կտեղափոխվեն առաջիկայում` նշված ճանապարհի խնդիրների լուծման համար հայ-վրացական համատեղ ձեռնարկության ստեղծումից հետո, որի նպատակով այս պահին Վրաստանում ընթանում են քննարկումներ` հայ եւ վրացի մասնագետների միջեւ:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին Վերին Լարսի ուղղությամբ տեղաշարժվել միայն ճանապարհների վիճակի մասին պաշտոնական տեղեկություն ստանալուց հետո, որը պարբերաբար հաղորդվում է նախարարության կողմից, եւ այդ ինֆորմացիան տեղադրվում նախարարության պաշտոնական կայքէջում:




























