Հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի ազգականին վրաերթի ենթարկող վարորդը, ով դեպքի վայրից դիմել էր փախուստի, ներկայացել է ոստիկանություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում դեկտեմբերի 1-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում, Մխիթար Հերացիի փողոցից դեպի Խանջյան փողոց տանող ստորգետնյա ճանապարհին իրար էին բախվել «ԶԱԶ-ՍԵՆՍ» եւ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:

«ԶԱԶ-ՍԵՆՍ» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը եւ 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, իսկ «Մերսեդես-Բենց»-ի վարորդը, թողնելով ավտոմեքենան՝  դեպքի վայրից դիմել էր փախուստի:

Նույն օրը հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ «ԶԱԶ-ՍԵՆՍ»-ի վարորդը՝ 58-ամյա Ռազմիկ Սուքիասյանը, հիվանդանոցի  վերակենդանացման բաժնում, գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են փախուստի դիմած վարորդի ինքնությունը՝ Երեւանի բնակիչ, 39-ամյա Արտակ Խաչատրյան, որը ներկայացել է ոստիկանություն եւ խոստովանական ցուցմունք տվել:

Նշենք, որ ըստ հավաստի տեղեկությունների, մահացողը Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ազգականն է:

Կատարվում է քննություն: