Այցով Թուրքիայում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահի եւ խորհրդարանի նախագահի հետ հանդիպումներում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմային։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահն իր գոհունակություն է հայտնել, որ հայ-թուրքական արձանագրությունները կրկին Թուրքիայի խորհրդարան են վերադարձվել։ Նա նշել է, թե ցանկանում է, որ առաջիկա ամիսներին արձանագրությունները վավերացվեն։
Նշենք, որ մինչ Բայդենի Թուրքիա այցելությունը, թուրքական մամուլում նշվում էր, թե այցի օրակարգում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Թուրքիայի նախարարների խորհուրդը խորհրդարան է վերադարձրել հայ-թուրքական արձանագրությունները, որոնք օգոստոսի վերջին ի թիվս այլ օրինագծերի անվավեր էին ճանաչվել: Թուրքիայի կառավարությունը որոշել է վերականգնել նախորդ օրենսդրական շրջանի 171 միջազգային համաձայնագրերից 166-ը, այդ թվում` հայ-թուրքական արձանագրությունները:




























