Երուսաղեմում դեկտեմբերի 13-14-ին միջազգային միջնորդների քառյակը (ԱՄՆ, Ռուսաստան, ԵՄ եւ ՄԱԿ) առանձին բանակցությունների 3-րդ փուլը կանցկացնի իսրայելական եւ պաղեստինյան կողմերի հետ, որը կնախապատրաստի կողմերի միջեւ ուղիղ բանակցությունները:

Բանակցություններում Պաղեստինի պատվիրակության ղեկավար, Պաղեստինի ազատագրության կազմակերպության գործադիր մարմնի անդամ Սայիբ Օրեյքաթը նախորդ երկու բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ ուղիղ բանակցությունների վերադառնալու համար Իսրայելը պետք է դադարեցնի Հորդանան գետի Արեւմտյան ափի եւ Երուսաղեմի արեւելյան շրջանների բնակեցումը: Պաղեստինը հրեական պետությունից պահանջում է նաեւ վերադառնալ 1967 թվականի սահմաններին: Ընդ որում, պաղեստինյան կողմը պնդում է, որ Իսրայելը գրավոր հաստատի այդ պայմանների կատարելու պատրաստակամությունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով պաղեստինյան «Ալ-Աիյամը»:

Հիշեցնենք, որ պաղեստինա-իսրայելական խաղաղ բանակցությունները դադարեցվել են 2010-ի սեպտեմբերին` Իսրայելի կողմից բնակեցման գործընթացը շարունակելու պատճառով:

Պաղեստինցիները ցանկանում են պետություն ստեղծել Հորդանան գետի արեւմտյան ափին եւ Գազայի հատվածում` 1967 թվականի սահմաններով, որի մայրաքաղաքը կլինի Երուսաղեմը: Իսրայելը դեմ է դրան եւ հրաժարվում է պաղեստինցիների հետ կիսել Երուսաղեմը: