Հարավային Օսիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Ջիոեւայի կողմնակիցները այսօր` դեկտեմբերի 3-ին, կշարունակեն գործող իշխանությունների հետ բանակցությունները` ռուսական կողմի միջնորդությամբ: Հարավային Օսիայում է գտնվում ՌԴ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Սերգեյ Վինոկուրովը, սակայն ընդդիմությունը բանակցությունների հետ մեծ հույսեր  չի կապում:

Ջիոեւան ինքը բանակցություններին չի մասնակցի առողջական խնդիրների պատճառով. նա մրսել է եւ ուժեղ բրոնխիտ ունի, այդ պատճառով ստիպված է մնալ տանը եւ բուժվել:

Միեւնույն ժամանակ, Ցխինվալիի հրապարակում շարունակվում է ընդդիմադիր թեկնածուի կողմնակիցների հանրահավաքը: Նրանցից շատերը ամբողջ գիշեր հրապարակում են մնացել:

Ջիոեւայի համակիրները Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին ուղղված դիմում են նախապատրաստում: Պատրաստի տեքստը կընթերցվի հրապարակում հավաքվածների համար, այնուհետեւ էլեկտրոնային փոստով կուղարկվի Մեդվեդեւին, գրում է  ЮГА.ру-ն: Ընդդիմության գլխավոր պահանջը Հարավային Օսիայի նախագահական ընտրությունները կայացած համարելն է:

 Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը,  ընտրությունների արդյունքներով հաղթել էր Ջիոեւան, սակայն հանրապետության Գերագույն դատարանը ընտրությունների արդյունքները անվավեր էր ճանաչել խախտումների համար: Ջիոեւան չէր համաձայնել դատարանի վճռին եւ իրեն նախագահ էր հռչակել: Դեկտեմբերի 1-ին նա վերջնագիր էր ներկայացրել` պահանջելով մինչեւ 18:00-ն ճանաչել իր հաղթանակը, հակառակ դեպքում ինքը պատասխանատու չէ երկրի իրավիճակի հետագա զարգացումների համար:

Պահանջները չկատարելու դեպքում ընդդիմադիրները մտադիր են ստորագրահավաք սկսել հանրապետական խորհրդարանի հրաժարականի համար, նաեւ գործող նախագահ Էդուարդ Կոկոյտայի հրաժարականի պահանջ են նախապատրաստում: