Ստամբուլի ամենահայտնի զբոսաշրջային կենտրոններից մեկում՝ սուլթանների Թոփքափը պալատում, նոյեմբերի 30-ին,  զինվորների եւ անվտանգության աշխատակիցների դեմ զինված հարձակում գործած 36-ամյա լիբիացու դեպքից հետո Թուրքիայի ոստիկանության գլխավոր վարչությունը արգելել է որսորդական զենք վաճառել երկիր ժամանած զբոսաշրջիկներին։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից տարածած հայտարարությունում նշվում է, որ զբոսաշրջիկներին որսորդական զենք վաճառելու արգելքը կգործի մինչեւ օրենքում համապատասխան փոփոխություններ իրականացնելը։

Նշենք, որ 36-ամյա լիբիացի Սամիր Սալեմ Ալի Էլմադհավրին որսորդական հրազեն էր գնել խանութից եւ գնացել կոտորելու։ Նա գործողություններից առաջ բղավել է, թե Ներվեգիայում տեղի ունեցած կոտորածի պես կոտորած է իրականացնելու։ Մոտ 1 ժամ տեւած փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է 2 հոգի։ Լիբիացին սպանվել է, երբ դեպքի վայր են ժամանել հատուկ նշանակության ջոկատի մարտիկները։

Թուրքական մամուլում նշվում է, թե լիբիացու բարկության պատճառը եղել է այն, որ մեկ օր առաջ  Ստամբուլում նրան մարմնավաճառներ խոստանալով ծուղակն են գցել եւ բարում նրանից աստղաբաշխական հաշիվ են պոկել։  Նա էլ հաջորդ օրը իր համերկրացուց պարտքով գումար է վերցրել եւ զենք գնելով՝ գնացել հարձակման։