Գիշերը Մոսկովյան «Շերեմետեւո» օդանավակայանում ձերբակալվել է ընտրությունների դիտարկումներով զբաղվող «Գոլոս» ասոցիացիայի տնօրեն Լիլիա Շիբանովային, որն արտերկրից էր վերադառնում:  Օդանավակայանի միջադեպը Շիբանովան պայմանավորում է իրավապահ մարմինների ուժեղացող ճնշումներով:

Շիբանովայի փաստաբանին նրա մոտ չեն թողել մտնել: Մաքսային ծառայության աշխատակիցները ասոցիացիայի տնօրենից պահանջել են ինչ-որ փորձաքննություն անցնելու համար տալ իր աշխատանքային նոութբուքը: Նրան ասել են, որ համակարգչում «կարող է Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող ծրագիր լինել», տեղեկացնում է  «Ինտերֆաքս»-ը:

Մեկ օր առաջ «Գոլոս»-ին 30 հազար ռուբլով տուգանել էին նախընտրական օրենսդրության խախտման համար: Դատարանը ինտերնետում «Խախտումների քարտեզ» նախագիծը տեղադրած «Գոլոս» ասոցիացիային մեղավոր էր ճանաչել ընտրությունների տեղեկատվական ապահովման ընթացքում լրատվամիջոցների մասնակցության կարգը խախտելու մեջ:

Ինչպես ավելի վաղ նշվել էր, «Ընտրությունների խախատումների քարտեզ» նախագծի հիմնական խնդիրը քաղաքացիներին ընտրությունների ժամանակ նկատած խախտումների մասին տեղեկացնելու հնարավորություն ընձեռելն է: Ընդ որում` նախագիծը ներկայացվում էր իբրեւ «Գոլոս»-ի եւ «Газета.Ру»-ի համատեղ ծրագիր, բայց դեկտեմբերի 2-ին «Газета.Ru»-ի կայքից անսպասելիորեն անհետացել էին ծրագրի ուղղորդող բաններները: Գլխավոր խմբագիրը դա բացատրել էր նրանով, որ բանների տեղը գովազդի տեղն է, եւ այն պետք էր եկել: 

ԱՄՆ-Ի Սպիտակ տունը մտահոգություն էր հայտնել մոսկովյան դատարանի որոշման կապակցությամբ:

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ «Գոլոս» ասոցիացիայի դեմ մեղադրանքը եւս մեկ առիթ է ընձեռում կասկածելու Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունների օրինականությանը: