Իտալիայի նոր վարչապետ Մարիո Մոնտին սկսել է նրանից, որ խոստացել է աշխատել անհատույց, առանց աշխատավարձի, որպեսզի իտալացիների աչքում արդարացնի պետական պարտքի կրճատման կառավարության ծրագիրը:
Մոնտին հայտարարել է, որ այն պայմաններում, երբ իտալացիները պետք է զոհաբերություններ կատարեն, աշխատավարձից հրաժարվելն իրեն միակ ճիշտ որոշումն է թվում: Ավելի վաղ նա արդեն խոստացել էր կրճատել քաղաքական գործունեության ծախսերը, հատկապես` կրճատել երկրի նահանգների աշխատակազմը, տեղեկացնում է Agence France-Presse-ը:

Համաքաղաքացիներին ներկայացնելով տնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված հիմնական ուղիները` Մոնտին խոստացել է կրճատել երկրի պետական պարտքը, որը ներկա պահին եվրագոտում ամենամեծն է (1,9 տրիլիոն եվրո`ՀՆԱ 120%):

Միաժամանակ, Reuters-ի տեղեկացմամբ, Իտալիայի բարեկեցության նախարար Էլզա Ֆորներոն կենսաթոշակային տարիքի բարձրացման հակաճգնաժամային միջոցառումների հրապարակման ժամանակ սկսել է արտասվել: Արցունքն աչքերին նա հայտնել է, որ պարտավոր են դա անել, եւ իրենցից մեծ ջանքեր է պահանջվել, որպեսզի ժողովրդին նման զոհաբերության գնալու խնդրանքով դիմեն: Նա ասել է, որ կոշտ տնտեսության միջոցառումների փաթեթի շրջանակներում կենսաթոշակային տարիքը Իտալիայում մոտ ժամանակներս  կանանց համար կսահմանվի 62-ը, տղամարդկանց համար` 66-ը:

Բյուջետային ծախսերը 30 միլիարդ եվրոյով կրճատելու Մոնտիի ներկայացրած ծրագիրը ենթադրում է հարկերի եւ կենսաթոշակային տարիքի բարձրացում, ինչպես նաեւ կենսաթոշակի ինդեքսավորման գրեթե լիակատար կասեցում: Բացի այդ, Իտալիայի իշխանությունները մտադիր են գույքահարկի, ճոխության հարկեր ներմուծել, եւ, հնարավոր է, 2012թ. աշնանը ավելանա նաեւ ԱԱՀ-ն, գրում է Lenta.ru-ն: